Ըմբշամարտի ֆեդերացիայի ծրագիրը` օլիմպիական խաղերին ընդառաջ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է օլիմպիական խաղերին ըմբշամարտի ֆեդերացիայի նախապատրաստման քառամյա ծրագրերի քննարկմանը: Ներկայացված ծրագրերը վերաբերվել են թե հունահռոմեական և թե ազատ ոճի ըմբշամարտերին:
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ներկայացրած ծրագրերի համաձայն, նախատեսվում է 2013 թ. ընթացքում իրականացնել ընդհանուր առմամբ 180-220 օր տևողությամբ ուսումնամարզական հավաքներ, որոնք ծառայելու են մի քանի նպատակների՝ մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզֆունկցիոնալ, ինչպես նաև տեխնիկա-տակտիկական պատրաստվածությունների բարձրացմանը, լինելու են նաև մրցումային և վերականգնողական ուսումնամարզական հավաքներ: Հավաքականի անդամները մասնակցելու են տարեկան 4-ից 5 միջազգային մրցաշարերի, դրանք են՝ աշխարհի և Եվրոպայի գավաթների խաղարկությունները, աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, 2013 թ. Համաշխարհային ուսանողական խաղերը: Քառամյա ծրագրում ընդգրկված են նաև 2014-2015 թթ. տեղի ունենալիք միջոցառումները, որոնցից առանձնացվել է 2015 թ. տեղի ունենալիք վարկանշային մրցաշարը, որի ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 4-7 վարկանիշ, ինչը հնարավորություն կտա մեր ըմբիշներին մասնակցել 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքկանի գլխավոր մարզիչ Ա. Բաղդադյանը ներկայացրել է հավաքականի 2013-2016 թթ. ծրագրերը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է անցկացնել ուսումնամարզական հավաքներ` տարեկան առնվազն 130 օր տևողությամբ: Մարզիչը տեղեկացրել է, որ նախատեսվում է հայ ըմբիշների մասնակցությունը տարեկան 5 միջազգային մրցաշարերի: Նրա խոսքերով` ակնկալվում է 2013-2014 թթ. Եվրոպայի առաջնությունում 6 քաշային կարգերում ձեռք բերել առնվազն 2 մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում՝ 1 մեդալ: Նախատեսվում է 2015 թ. կայանալիք վարկանշային մրցաշարերում ձեռք բերել 3 վարկանիշ, իսկ վերջնարդյունքը կլինի 2016 թ. օլիմպիական խաղերից 2 մեդալ բերելը:
Հավաքականների գլխավոր մարզիչներն անդրադարձել են նաև ֆեդերացիայի առջև առկա մի քանի հիմնախնդիրներին, մասնավորապես, մարզաբազաների բացակայության խնդրին, մարզիկներին անհրաժեշտ բժշկա-հոգեբանական աջակցության բացակայությանը և այլն:
Ուշադրությամբ ծանոթանալով օլիմպիական խաղերի նախապատրաստական համալիր ծրագրերին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ողջունել է ներկաներին` քննարկումներին ակտիվ մասնակցելու և մարզաձևում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար:
«Նմանատիպ քննարկումներն ունեն մեկ նպատակ՝ հանրությանը տեղեկացնել բոլոր այն միջոցառումների մասին, որոնք նախատեսվում են իրականացվել հետագա 4 տարիների ընթացքում և ապահովել մեր մարզիկների լավ մասնակցությունն օլիմպիական խաղերին»- ասել է նախարարը նշելով, որ մարզական ֆեդերացիաների համար առկա խնդիրների լուծումը չպետք է ծանրացած լինի միայն ֆեդերացիաների ուսերին,- Պետք է աշխատել համախմբված, միասնական թիմով և այդ դեպքում կարելի կլինի խոսել հաջողությունների մասին»,- ասել է Ռոստոմյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում