Գ. Մելքոնյան. Բաքվի հայերի ջարդը Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ժողովրդի ինքնորոշմանը
«Իրականում Բաքվի հայերի հանդեպ բռնությունները սկսվել են դեռևս 1988թ.-ից և միայն իրենց ավարտին են հասցվել 1990թ.-ի հունվարի 13-19-ը: Սումգաիթի և Բաքվի հայերի ջարդը Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ազատ արտահայտմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 1990թ. հունվարի 13-ին տեղի ունեցած Բաքվի հայերի ջարդերին, նշեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Նրա խոսքով, Սումգաիթի և Բաքվի ցեղասպանությանը մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլև արժանացան պետական բարձր պարգևների և պաշտոնների, և այսօր էլ ադրբեջանական իշխանության էլիտայում կան մարդիկ, որոնց ձեռքերը արյունոտ են հայերի ջարդի հարցում: Նա ընդգծեց, որ ի դեմս Սաֆարովի, Ադրբեջանը այսօր շարունակում է այդ նույն քաղաքականությունը:
«Մեր խնդիրն այսօր պետք է լինի միջազգային հանրությանը ծանոթացնել հայերի ջարդի հետ կապված բոլոր փաստաթղթերին և ևս մեկ անգամ հավաստիացնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, քանի որ նրանց սպառնում է Բաքվի և Սումգաիթի հայերի ճակատագիրը»,- նշեց Գ. Մելքոնյանը՝ հավելելով, որ այդ ցեղասպան քաղաքականությունն այսօր Ադրբեջանն իրականացնում է նաև իր տարածքում ապրող բնիկ ժողովուրդների նկատմամբ:
Պատմաբանի համոզմամբ, բոլոր պատմական փաստերն առկա են, որ 1990թ. հունվարի 13-19-ը կազմակերպված Բաքվի հայերի ջարդերը եղել են պետականորեն կազմակերպված քաղաքականություն: Նրա դիտարկմամբ, պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի հարցում միշտ եղել է ցեղասպան:
«Բաքվի հայերի ջարդերը դատապարտվել են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, բայց, ցավոք, խնդիրը չի ստացել իրավական կարգավորում: Քանի դեռ լրջորեն չի դատապարտվել Բաքվի և Սումգաիթի հայերի ջարդը, ամեն օր կա այն վտնագը, որ այդ քաղաքականությունը Ադրբեջանը փորձելու է կիրառել Արցախի բնակչության նկատմամբ: Եվ հայկական բանակն է, որ չի թույլատրում Ադրբեջանի այդ քաղաքականության իրականացումը»,- եզրափակեց Գևորգ Մելքոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան