Panorama.am-ի հրապարակման հետքերով. ՄԻՊ-քաղաքապետ նամակագրությունը շարունակվում է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի քանի օր առաջ պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրությանը` մանկապարտեզներում առկա գերբեռնվածության խնդրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ խնդրի ու ծնողների դժգոհության մասին բարձրաձայնել էր Panorama.am-ը: Օրինակ, ծնողները բողոքել էին, որ մահճակալների պակասի հետևանքով երեխաներին ոտ ու գլուխ են քնացնում:
Ինչպես հայտնեցին Պաշտպանի աշխատակազմից, քաղաքապետը պատասխանում հաստատել է, որ խնդիրն առկա է:
«Քաղաքապետի 2011թ. մարտի 31-ի որոշմամբ երեխաների հաճախումը սահմանվել է անվճար Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այն նպաստել է քաղաքի սոցիալական տարբեր խավերի ընտանիքների երեխաների մանկապարտեզ հաճախմանը, որի հետևանքով սահմանված նորմատիվները չեն պահպանվել որոշ մանկապարտեզների խմբերում»,-ՄԻՊ փոխանցմամբ, նշել է քաղաքապետը:
Այս պատասխանը պաշտպանի գրասենյակին այնքան էլ չի գոհացրել: ՄԻՊ աշխատակազմի խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ Աիդա Մուրադյանը Panorama.am-ին հայտնեց, որ երկրորդ գրությունն են ուղարկել քաղաքապետին` հետաքրքրվելով, թե փաստն արձանագրելուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը հիշյալ որոշման արդյունքում առաջացած հետևանքերի վերացման համար:
«Ուզում ենք իմանալ, ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը, որպեսզի մանկապարտեզ այցելող երեխաները ստանան օրենքով սահմանված կարգով խնամք: Պարզվում է, որ այս պահին մի շարք մանկապարտեզներում, դա չի իրականացվում»,-ասաց Ա. Մուրադյանը, ավելացնելով, որ ՄԻՊ-ը շարունակելու է զբաղվել խնդրով և հետևողական է լինելու:
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչն անդրադառնալով Տ. Մարգարյանի պատասխան գրությանը, նշեց. «Դա մեր հարցի պատասխանը չէր: Մենք ակնկալում էինք պատասխան առ այն, թե ի՞նչ է անում կամ անելու քաղաքապետարանը լուծելու համար այս խնդիրը: Մենք նորից հարց ենք ուղղել»:
Քաղաքապետարանից ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էին, որ ըստ սահմանված չափորոշիչների՝ խմբում երեխաների թիվը պետք է լինի առավելագույնը 30, մինչդեռ շատ մանկապարտեզներում այդ թիվը գերազանցվում է` հասնելով նույնիսկ 40-ի:
Նախորդող հրապարակումներ`
Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի
Մանկապարտեզի մեկ խմբում 40-ից ավելի երեխա կա. Քաղաքապետարանում խնդրին տեղյակ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին