Ադրբեջանը հայտնվել է ԵԽԽՎ թիրախում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որը մեկնարկելու է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը, ելույթ կունենա Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին: ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկանում է նաև, որ այս նստաշրջանում հատուկ քննարկվելու է ԵԽ առջև քաղբանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների ու պարտականությունների կատարման հարցը:
Նկատենք, որ ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի հարցով ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել երկրում արդարադատության անազատության մասով: Մոնիտորինգի հանձնաժողովը նաև մտահոգիչ էր համարել մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի ու հավաքների ազատության սահմանափակումները:
Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտն (Իսպանիա) ու Ջոզեֆ Դեբոնո Գրեշը (Մալթա) իրենց զեկույցում նշել են, որ Ադրբեջանում անհանգստացնող է մարդու իրավունքների պաշտպանների ու տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող այն հայտարարությունները, թե այդ երկրում ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ «քրեական գործեր են սարքվում»: Համազեկուցողների զեկույցում նաև նշվել է Ադրբեջանի ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների, ինչպես նաև անպատժելիության մասին: «Չնայած կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում օրենսդրական դաշտի կատարելագործմանը, այնուամենայնիվ, գործնականում այդ օրենքները ըստ արժանվույն չեն կիրառվում», -նշված է Ադրբեջանի հարցով համազեկուցողների զեկույցում:
Բացի այդ, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում կքննարկվի նաև իրավիճակը Կոսովայում, ինչպես նաև իրավիճակը Վրաստանի ու Ռուսաստանի հակամարտող տարածքներում: Այս նստաշրջանի օրակարգում է ընդգրկված նաև մարդու օրգանների առևտրի մասին հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները