Նախկինը չունենք, նորը դեռ չի ստեղծվել
Անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մի առիթով արձանագրել էի, որ ընտրությունների հիմնական արդյունքն այն էր, որ ապամոնտաժվեց 1990-ականներին Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգը: Այսօր` նախագահական ընտրություններից անմիջապես առաջ, կարող ենք արձանագրել, որ նախկին համակարգի չգոյությունն այլևս ակնհայտ է:
Այս թեզի հաստատման օգտին բազմաթիվ հիմնավորումներ կարելի է նշել և, կասկած չկա, որ առաջիկայում վերլուծական ու մասնագիտական շրջանակները դրան կանդրադառնան: Բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է անդրադառնալ մեկ կարևորագույն հանգամանքի, մի իրողության, որը նախկին համակարգի ապամոնտաժման համար թե պատճառ դարձավ, թե նպաստավոր միջավայր ստեղծեց:
Խոսքն իշխանության վարքագծի մասին է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի անկախությունից ի վեր գործող իշխանությունները ոչ միայն մերժում էին քաղաքական հակառակորդների գոյությունը, այլև` տարատեսակ ճնշում էին բանեցնում նրանց ուղղությամբ: Թերևս, կարիք չկա կազմել այն ուժերի ու անձանց ցանկը, ովքեր տարբեր փուլերում մտնելով քաղաքական պայքարի մեջ` օրվա իշխանությունների կողմից արժանացել են տարատեսակ պիտակավորումների (անգամ` վիրավորական), ենթարկվել ճնշումների ու հետապնդումների, երբեմն էլ` բռնության: Սա եղել է, ու վիճարկելն անհնար է:
Եթե ներկայացնենք պարզ ֆորմուլայով, ապա կստացվի` նախկին համակարգում իշխանության օպպոնենտները, չնայած հետապնդումներին ու ճնշումներին, ակտիվ մասնակցում էին քաղաքական գործընթացներին, իսկ այդ ընթացքում իշխանությունը հակադրում էր միայն վարչական ռեսուրս, և հրաժարվում էր ճանաչել օպպոնենտներին:
Այսօր ունենք միանգամայն այլ իրավիճակ. քաղաքական դաշտի հիմնական խաղացողները հրաժարվում են իրենց իշխանության համար պայքարելուց, ոչ մի բառ չի ասվում իրենց նկատմամբ որևէ բռնության, հարկադրանքի կամ ճնշման մասին: Իսկ ամենակարևորը` մինչ ընտրությունները իշխանությունը նախ ճանաչում է ընդդիմությանն ու նրա գոյության իրավունքը, անգամ ամենաարմատական տրամադրված թևի հետ երկխոսություն սկսելու ցանկություն է հայտնում (ինչին ժամանակին անդրադարձել ենք), և հրաժարվում է մրցակիցներին տոտալ ճնշումների ենթարկելու մարտավարությունից:
Ասել, թե իշխանության վարքագծի այս փոփոխությունը շատ կարևոր է համակարգի տրանսֆորմացիայի համար, երևի թե ճիշտ չէ: Իրականում այն առանցքային է, և ահա թե ինչու: Հայաստանի ներքին գործընթացների վերլուծությունը վկայում է, որ իշխանության համար պայքարում (խոսքն առաջին հերթին նախագահական ընտրությունների մասին է) տարբեր ժամանակների ընդդիմությունների համար հսկայական մոբիլիզացիոն ռեսուրս է ապահովել հենց իշխանության վարքագիծը: Այսինքն այն մերժողական կեցվածքը, հետապնդումներն ու բռնությունները, որ եղել են ընդդիմության նկատմամբ, իրականում պասիվ ընտրազանգվածին մղել են հրապարակ, իսկ հրապարակում, ժանրի կանոններով, տերն ու տիրակալը օրվա ընդդիմությունն է եղել: Այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է այդ վարքագծից, ընդդիմությունը կանգնել է հրապարակ լցնելու խնդրի առաջ:
Եվ քանի որ մինչև այժմ հայաստանյան ընդդիմությունների համար հիմնական գործիքը (որպես մամլիչ) հրապարակն էր, իսկ այն փաստացի չկա, ընդդիմությունն ուղղակի հայտնվել է խաղից դուրս վիճակում:
Սա ժամանակավոր է: Կասկած չկա, որ առաջիկայում Հայաստանում առաջ կգան նոր տիպի խաղացողներ, ովքեր իշխանության համար պայքար կմղեն միանգամայն այլ գործիքակազմով: Առավելապես` արևմտյան զարգացած հասարակություններին հարիր: Միակ մտավախությունն այն է, որ իշխանությունը շարունակի նույնկերպ` չմերժի ու չսպառնա իր օպպոնենտներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները