Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաները ներկայացրել են քառամյա ծրագրերը
Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաները ներկայացրել են 2016 թ. օլիմպիական խաղերին ընդառաջ նախապատրաստական աշխատանքների քառամյա ծրագրերը:
Ըստ ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացրած ծրագրի` նախապատրաստական աշխատանքները բաժանվում են մի քանի փուլերի: Նախ՝ ձևավորվելու է հավաքական թիմի կազմը՝ հիմնվելով հանրապետական և միջազգային առաջնություններում հայ ծանրորդների ցույց տված արդյունքների վրա, երկրորդ՝ կատարվելու է հավաքականի անդամների առողջական վիճակի և ֆունկցիոնալ հնարավորությունների համալիր ուսումնասիրություն, երրորդ՝ հավաքական թիմի կազմը համալրելու նպատակով ի հայտ են բերվելու հեռանկարային և շնորհալի երիտասարդ մարզիկներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2012-2014 թթ. կկազմավորվի ծանրամարտի հավաքական թիմը, իսկ 2015 թվականին, հաշվի առնելով մարզիկների մարզական ցուցանիշները, դրանց կայունությունը և, իհարկե, մարզիկների տեխնիկատակտիկական պատրաստվածությունը, կհաստատվի հավաքականի վերջնական կազմը: Քառամյա ծրագրի ընթացքում, ըստ տարիների, կանցկացվեն մարզումներ և տարեկան մրցումային հանդիպումներ՝ 2013 թվականին ընդհանուր 1450 օր, 2014 թ.՝ 1700 օր, 2015 թ.՝ 1860 օր և մինչև 2016 թ. օգոստոս ամիսը՝ 1200 օր տևողությամբ:
Նախապատրաստական աշխատանքների մեջ հավաքական թիմի բժշկի և մարզչի հսկողության տակ իրականացվելու են վիտամինային, ռեֆլեքսային, մանուալ բուժումներ, բուսաբուժություն և հատուկ մերսումներ:
Հրաձգության ֆեդերացիայում նույնպես, որպես «Ռիո-2016»-ի նախապատրաստական աշխատանքներ, առանձնացվել են մարզիկների մասնակցությունը հանրապետական և միջազգային մրցաշարերին, ինչպես նաև ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանն ուղղված, վերականգնողական և կարգավորող ուսումնամարզական հավաքների անցկացումը:
Կարևորվել է մարզաձևի մասսայականացման բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել հրաձգության աշխարհագրության ընդլայնմամբ՝ համալրելով գործող հրաձգարանները և մարզադպրոցները նորագույն զենքերով, հատուկ հրաձգային հանդերձանքով ու փամփուշտներով:
Գնդակային և ստենդային հրաձգության միջոցառումների ծրագրով նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում են՝ մարզումներ ընդհանուր 180 օր տևողությամբ, ուսումնամարզական հավաքներ՝ 60 օր տևողությամբ և մրցումներ՝ դարձյալ 60 օր տևողությամբ: 2013-2016 թթ. ընթացքում համալիր աշխատանքի և հետևողական մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի 31-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնել առնվազն 2 հրաձիգներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում