Գրանցվեց 8 թեկնածու
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստի ընթացքում քննարկեց Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններին Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման հարցը:
Ինչպես և սպասվում էր, հանձնաժողովը գրանցեց 8 թեկնածուի` ՀՀԿ կողմից առաջադրված գործող նախագահ Սերժ Սարգսյան, ՀԱԿ-ից որոշ ժամանակով հեռացած «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Սեդրակյան, ով հանրությանը հայտնի է որպես էպոսագետ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյան։
Մյուսները` ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Ռուբեն Այվազյանը, Պավլիկ Սարգսյանը, Ռոբերտ Սիմոնյանը չէին վճարել Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածով պահանջվող գրավը, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 800-ապատիկը կամ 8 մլն դրամ:
Թեկնածուներից երեքը` Ռոբերտ Ահարոնյանը, Տարոն Աբրահամյանն ու ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանն ավելի վաղ հայտարարել էին հետագա ընտրապայքարից հրաժարվելու մասին:
Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքում զետեղված ժամանակացույցի, գրանցված թեկնածուն կարող է ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև փետրվարի 8-ը:
Ընտրական օրենսգրքի համաձայն` «Հանրապետության Նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում: Ինքնաբացարկի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար պետության կատարած ֆինանսական ծախսերը»:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները նշանակված են փետրվարի 18-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը: