Հ.Սահակյան. Ա.Հարությունյանը միայն նախագահական ընտրություններում առաջադրվելով է աչքի ընկել
«Ես հիշում եմ մասնավոր դեպքեր, երբ մեծամասնականով առաջադրված, սակայն պարտված թեկնածուն շնորհավորել է հաղթողին: Այնպես որ, եթե պարտված թեկնածուն նախագահական ընտրություններում իր մեջ ուժ գտնի և շնորհավորի հաղթանակ տարած թեկնածուին, ապա սա ևս մեծ առաջընթաց կլինի մեր ընտրական գործընթացներում»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Գնահատելով ներկայիս ներքաղաքական իրավիճակը, պատգամավորը անդրադարձավ վերջին օրերին քննարկվող թեմային` առաջարկ հնչեց բոյկոտել նախագահական ընտրությունները: Ըստ այդմ ՀՀԿ-ական գործիչը կարծիք հայտնեց, որ բոյկոտելը, իսկապես, քաղաքական քայլ է, սակայն դրա համար էլ կան չգրված կանոններ, այն է` հայտարարել, որ բոյկոտում ես ու չմասնակցես ընտրություններին: Մինչ օրս, արձանագրեց նա, որևէ մեկը չի հայտարարել, որ բոյկոտում է, այնպես որ այն անձինք, ովքեր նման հայտարարություններով հանդես են գալիս, փորձում են արհեստական աժիոտաժ մտցնել և այդ ճանապարհով իրենց վրա ուշադրություն հրավիրել. «Անհեթեթ է բոյկոտի մասին խոսել, երբ չունես հստակ քաղաքական դիրքորոշում ու պարզ չէ, թե ինչ խնդիր ես այդ ճանապարհով լուծում և ուր ես գնում»,- նշեց Հ.Սահակյանը:
Նա նաև դժվարությամբ է պատկերացնում, թե ինչո՞ւ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը պետք է արհեստականորեն նախագահի թեկնածու ներդրած լիներ այս ընտրապայքարում. «Նման խնդիր չկա»,- արձագանքելով շրջանառվող արհեստական թեկնածուների թեմային ընդգծեց Հ.Սահակյանը: Առավել ևս, ընդգծեց նա, ընտրություններն այն միջոցառումն են, որում պետք է պահպանել անաչառությունն ու անկողմնակալությունը:
Գնահատելով նախագահի թեկնածուներին, Հ.Սահակյանն առանձնացրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին ու նաև Պարույր Հայրիկյանին, որոնք քաղաքական կենսագրություն ունեն ու ճանաչելի են այդ իմաստով: Իսկ մյուսներին` էպոսագետին և այլք, լուրջ չի ընդունում. «Ես չեմ կարծում, որ Արամ Հարությունյանը բացի նախագահական ընտրություններում առաջադրվելուց այլ քաղաքական գործողություններով աչքի է ընկել»,- հավելեց նա: