«Հանուն ապագայի» նախաձեռնությունը տարվա անկում անվանակարգը հանձնել է Լևոն Տեր-Պետրոսյանին
«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունն ըստ ավանդույթի ամփոփել է 2012թ-ը` ներկայացնելով անցած տարվա ամենաազդեցիկ հայերի, ինչպես նաև տարվա ընթացքում Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքը թողած անձանց և կազմակերպությունների ցանկը:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց նախաձեռնության համակարգող Լևոն Երզնկյանը` թեկնածուներն առաջարկվել են նախաձեռնության վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով` յուրաքանչյուր անվանակարգի համար առնվազն երեք թեկնածու սկզբունքով:
Եվ այսպես, ըստ «Հանուն ապագայի» տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ամենաակտիվ կուսակցություն Գ.Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը` ԲՀԿ-ն:
Ամենաակտիվ ԱԺ պատգամավորներ են ճանաչվել, ըստ շարժման, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը և Կարեն Կարապետյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն ու Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ու այլք: Ի դեպ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը ներկայացված է ևս մեկ անվանակարգում և առանձնացվել է որպես «Տարվա քաղաքական վերելք» (ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար):
«Ամենաակտիվ հասարակական կազմակերպությունը» երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Խաչիկ Ասրյանի ղեկավարած «Հայոց արծիվները», իսկ ամենաքննադատվող գերատեսչությունը Գյուղատնտեսության նախարարությունը: Ի տարբերություն վերջինի` ՀՀ ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանն ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճանաչվել են իբրև տարվա ընթացքում ամենաակտիվ գործունեություն ծավալած պետական պաշտոնյաներ:
«Տարվա նախաձեռնություն» որպես առանձնացվել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, իսկ տարվա ընթացքում «Ամենամեծ հետաքրքրություն առաջացրած հարց» է նշվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադարձի հնարավորությունը:
«Տարվա անկում» անվանակարգը բաժին է հասել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից հրաժարվելու համար արժանացել է «Տարվա հրաժարական» անվանակարգին:
Տարվա ընթացքում ամենաակտիվ գործունեություն ծավալած օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ «Հանուն ապագայի» կողմից ճանաչվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Տարվա տեղեկատվական կայքերում տեղ է գտել նաև Panorama.am-ը: Տարվա` Հայաստանը ներկայացնող անձ ճանաչվել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ հայ ազգը` Շառլ Ազնավուրը: