Լևոն Զուրաբյանի հրաժարականի պահանջի մասին լուրը Մակեյանը ոչ հերքում է, ոչ հաստատում
Հունվարի 13-ին տեղի է ունեցել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է առաջիկա նախագահական ընտրություններում ԺՀԿ մասնակցության ձևաչափը և ընդունվել է հայտարարություն: Քննարկվել է նաև ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցը, ընդունվել է աշխատանքային փաստաթուղթ:
Փաստաթղթի բովանդակությունը Պետրոս Մակեյանը չի գաղտնազերծում: «Այդ փաստաթուղթը պետք է քննարկվի ՀԱԿ անդամ կուսակցություններում, այնուհետև` ՀԱԿ-ի քաղխորհրդում և հետո միայն այն կհրապարակվի», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պարոն Մակեյանը:
Նախօրեին «Առաջին լրատվականը» տեղեկություն էր տարածել, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կողմից ընդունված փաստաթղթով պահանջում են Լևոն Զուրաբյանի հրաժարականը ՀԱԿ համակարգողի պաշտոնից: Panorama.am-ը փորձեց հստակեցնել` ճիշտ է տեղեկությունը, սակայն Մակեյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այդ լուրը: «Մենք ընդունել ենք փաստաթուղթ, որի մասին մինչև ՀԱԿ-ում քննարկելը ես որևէ բան չեմ կարող ասել», -փոխանցեց Մակեյանը` միևնույն ժամանակ նկատելով, որ փաստաթղթում անձերի անուն, այնուամենայնիվ, շոշափվում է:
«Ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրելիս բնականաբար, այդ կառույցը համակարգվում է մարդկանց կողմից, մարդիկ են, կուսակցություններ են հիմնադիրները, բնականաբար, փաստաթղթի մեջ շոշափվում են քաղաքական միավորներն ու դրանց անունները», -ասաց Մակեյանը, երբ փորձեցինք հստակեցնել, թե ինչ համատեքստում են շոշափվում անունները:
Նա ասաց, որ Լևոն Զուրաբյանի հետ հարաբերությունները կոնֆլիկտային չեն, աշխատանքային նորմալ հարաբերությունների մեջ են:
Հետաքրքրվեցինք` ՀԱԿ-ում ինչպիսի՞ն է տրամադրվածությունը կուսակցության ընդունած աշխատանքային փաստաթղթի նկատմամբ Մակեյանն ասաց, որ այն դեռ ՀԱԿ-ին չի հասել, քանի որ ընդունվել է ընդամենը երեկ:
Մեր մյուս հարցին, թե Մակեյանն ինչպե՞ս է տեսնում ՀԱԿ-ի` ճգնաժամից դուրս գալու ճանապարհները, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահը պատասխանեց. «Դա նշանակում է բացահայտել փաստաթղթի բովանդակությունը, դուք խուճուճ ճանապարհներով ուզում եք հասնել դրան, բայց ես ոչ մի բան ասել չեմ կարող»:
Իր ղեկավարած կուսակցության` ՀԱԿ-ից հնարավոր դուրս գալու մասին մեր հարցին ի պատասխան, Մակեյանն ասաց, որ իրենք փորձում են «առողջացնել ՀԱԿ-ը»: «Ամեն հնարավոր բան անելու ենք, որ ՀԱԿ-ը դառնա քաղաքական լուրջ գործոն ինչպես նախկինում կար: Հիմա գոնե որոշակի գործոն դառնա: Ամեն ինչ անելու ենք դրա համար: Կստացվի` լավ, չստացվի` դե ինչ անենք: Այս պահի դրությամբ ՀԱԿ-ից դուրս գալու օրակարգային խնդիր չունենք»:
Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության դիրքորոշմանը, Մակեյանն ասաց, որ թեկնածուներից կոնկրետ որևէ մեկին սատարելու հարց չի քննարկվել կուսակցության քաղխորհրդի նիստում: «Բագրատյանի մասով կուսակցությունում քննարկում գնացել է և նշվել է, որ կուսակցության շարքերը ազատ են և որպես գործընկեր, կարող են իրենց աջակցությունը ցույց տալ ցանկացած քաղաքական թեկնածուին, առավել ևս Հրանտ Բագրատյանին, քանի որ մենք գործընկերներ ենք եղել, աշխատանքային ճանապարհ ենք անցել», -փոխանցեց Մակեյանը:
Հարցին, թե նա անձամբ կպաշտպանի՞ Հրանտ Բագրատյանին, Մակեյանը պատասխանեց. «Ես անձամբ, որպես մեր կուսակցության անդամ ազատ եմ իմ դիրքորոշումը արտահայտել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան