Նոր զարգացումներ «Մատաղիսի գործ»-ով (տեսանյութ)
«Մատաղիսի գործ»-ով դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մյուս սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հարազատները չեն ընդունում: Այսօրվա ասուլիսում Ռոման Եղիազարյանի հորեղբայրը, մայրը և հարազատները հերթական անգամ պնդեցին, որ իրական մարդասպանները դատարանի վճռով արդարացված Ռազմիկ Սարգսյանն է, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանն են:
Ռոման Եղիազարյանի մայրը՝ տիկին Գոհարը, վստահեցրեց, որ իրենց առաջարկել են համաձայնել, որ երեք տղաները մեղավոր չեն: «Ուզում էին որդուս արյունը ծախել: Ոմն Վաչե եկավ, թիվ չի ասել, ասում էին՝ ինչ եղել է, եղել է: Ասի՝ դուրս արի իմ տնից, եթե ուզում ես ամբողջ մարմնով դուրս գաս», հայտարարեց տիկին Գոհարը: Ռոմանի հարազատները պաշտպանեցին նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին և հայտարարեցին, որ նա «շատ ճիշտ» որոշում է կայացրել` նրանց մեղադրելով Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի մահվան համար:
Հարազատները տղաների նախկին փաստաբան Զարուհի Փոստանջյանին մեղադրելուն զուգահեռ լրագրողներին ներկայացրին նաև մի ձայնասկավառակ. «Այստեղ կա մարդասպան Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքը, որտեղ պատմում է, թե ոնց է երեխաներին սպանել, խփել»:
Նրանք նաև տեղեկացրին, որ պատրաստվում են ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Նշենք, որ ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում զինդատախազ Գևորգ Կոստանյանը հավանական էր համարել, որ զինդատախազությունը կբողոքարկի վճիռը:
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը ներկայիս ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սպանված զինծառայողներից մեկի` Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
2006 թ. դեկտեմբերի 22-ին, սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հոր ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։ Այժմ երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ դատավարությունը շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2012-ի հոկտեմբերի 30-ին այս գործով դատարանը անցել է դատական վիճաբանությունների փուլ, երբ գործով մեղադրողները պետք է հանդես գային իրենց ճառով, սակայն դրանից հետո, մինչ օրս, որի ընթացքում արդեն իսկ նշանակվել է 4 դատական նիստ (նոյեմբերի 7-ին, 14-ին, 19-ին, 23-ին), մեղադրողները տարբեր պատրվակներով, մասնավորապես արձակուրդում գտնվելու, հիվանդ լինելու կամ գործի նյութերին չտիրապետելու պատրվակներով, ձախողել են դատական նիստերը:
Հարակից հրապարակումներ. Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ կայացվեց (Տեսանյութ)
Մահացած տղաներին կամրջից ներքև նետել են Իվան Գրիգորյանի մեքենայից. Մանրամասներ «Մատաղիսի գործ»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան