«Համաներման մասին» վրացական օրենքը շրջանցում է Վահագն Չախալյանին
Ջավախցի քաղաքական -հասարակական գործիչ Վահագն Չախալյանի անունը հանվել է այն դատապարտյալների ցանկից, որոնք Վրաստանոմ «Համաներման մասին» օրենքի ընդունումից հետո պետք է ազատ արձակվեն: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Չախալյանի փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նա ասաց, որ այս պահին զուտ մարտավարական տակտիկայից ելնելով, չի կարող որևէ բան ասել առաջիկա քայլերի վերաբերյալ, բայց ամենայն հավանականությամբ, իրենք դատարանում կբողոքարկեն որոշումը:
«Առաջիկա չորս օրերի ընթացքում ես կայցելեմ Վահագնին, մենք կխոսենք, կհստակեցնենք մեր անելիքը նոր միայն ես մամուլի համար հայտարարություն կանեմ», -փոխանցեց փաստաբան Ոսկանյանը:
«Համաներման մասին» օրինագիծը, որը Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին բոյկոտել էր, իսկ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հունվարի 12-ին ստորագրել, կիրակի, հունվարի 13-ին մտել է ուժի մեջ և արդեն տվել առաջին պտուղները. 190 քաղբանտարկյալ ու դատապարտյալներ ազատ են արձակվել: Ազատ արձակվածների թվում են նաև Աջարիայի հայ համայնքի հայտնի գործիչներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:
Վրացական իշխանությունները ձերբակալել էին Վահագն Չախալյանին դեռ 2008-ին, իսկ ահա 2009-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու, խուլիգանության և զենքի պահպանման համար: