Ա. Մելիքյան. Գալիք ընտրությունների հիմնական մարտավարությունը թափանցիկ և առանց կեղծիքների քվեարկության ապահովումն է
«Գալիք ընտրությունների հիմնական մարտավարությունը թափանցիկ և առանց կեղծիքների քվեարկության ապահովումն է, իսկ արդյունքները կապված են նրանից, թե որքանով հանրությունը կընդունի ծրագիրը» , - այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Բանախոսը նաև կոչ արեց բոլոր թեկնածուներին հանդես գալ ընտրացուցակների ճշտման նախաձեռնությամբ:
Այդ առումով նա տեղեկացրեց, որ նամակ է ուղղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հրապարակելու այն մարդկանց անունները, որոնք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, մեկնել են երկրից, կամ գրանցված են, բայց չեն ապրում:
«Բացվել է նաև կայք, որտեղ արտասահմանում ապրող մեր քաղաքացիները կարող են հայտնել քվեարկությանը մասնակցելու մասին», - ասաց նա:
Խոսելով քարոզարշավի մասին՝ նա հայտնեց, որ հատուկ այդ նպատակով բանկերից մեկում կբացվի հաշիվ, և գումարները կծախսվեն ըստ օրենքի: Ըստ բանախոսի՝ իր մարտավարությունը չի նախատեսում շտաբեր, բայց ամեն տեղ կունենան ներկայացուցիչներ «Գուցե ամեն մի շրջան ունենա իր պատասխանատուն»,- հավելեց նա:
Նա նաև համագործակցության հրավիրեց արտախորհրդարանական ուժերին՝ տեղեկացնելով, որ իր վստահված անձիք լինելու են հասարակ քաղաքացիները, որոնց թվում, կան նաև ՀՀԿ-ականներ, և ՕԵԿ-ականներ:
Անդրադառնալով իր մրցակից Անդրիաս Ղուկասյանի՝ ինքնաբացարկի մասին կոչին, Ա.Մելիքյանը նշեց, որ յուրաքանչյուր թեկնածու կարող է հանդես գալ յուրահատուկ առաջարկներով, սակայն նպատակը պետք է լինի ընտրակեղծիքների բացառումը և արդար մրցապայքարը: «Ինքնաարտահայտման նման ձև կարող է նաև ինքնահրկիզումը լինել, բայց դա միջոց չէ», - ասաց Ա.Մելիքյանը: