Ադրբեջանում վրդովված են «ազգային հերոս» Ռամիլ Սաֆարովի անտարբերությունից
Ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերություններում զինծառայողների մահվան առավել հաճախակի դարձած դեպքերի վերաբերյալ ընթերցողների կողմից մեծ թվով նամակներ են ուղարկվել ադրբեջանական «Gunxeber.com» լրատվական կայքին: Նամակներից մեկի հեղինակը քննադատել է «ազգային հերոս» Ռամիլ Սաֆարովին՝ բանակում տիրող անօրինականությունների վերաբերյալ իր դիրքորոշումը մինչև հիմա չհայտնելու համար:
«Մեզ մտահոգում է վերջին շրջանում զինվորների մահվան դեպքերի ավելացումը: Զինվորների մահը դատապարտող դիրքորոշում պետք է հայտնի Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի: Լավ կլիներ, որ իր դիրքորոշումը հայտներ նաև ազգային հերոս Ռամիլ Սաֆարովը: Ադրբեջանի պատիվն ամեն ինչից բարձր համարող Սաֆարովը պետք է իր բողոքը հայտնի զինվորների մահվան առնչությամբ, քանի որ այս ժողովուրդը Ռամիլ Սաֆարովին իր հերոսն է համարում»:
Նամակում գրված է, որ հասարակությունը սպասում է Սաֆարովի դիրքորոշմանը, ինչը կլինի ազգային հերոսին և սպային արժանի քայլ: «Կարծում ենք, որ եթե Ռամիլ Սաֆարովը իր բողոքը հայտնի զինվորների մահվան կապակցությամբ, բանակում կամայականությունները կնվազեն և դա մեծ աջակցություն կլինի մեր սպանված զինվորների մայրերին, ընտանիքներին ու հասարակությանը»:
Նախորդիվ`
Ալի Քերիմլի. «Բանակում մեր զավակներին սպանողը Իլհամ Ալիևի հանցավոր ռեժիմն է»