Ղասաբ Բաբակեխյանի ձեռքի տակով անցնելուց հետո գլխիս վրա ուռուցքներ են հայտնվել. Նախկին ոստիկանապետի որդի
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է 40 րոպե ուշացումով: Մինչ նիստի սկսվելը ամբաստանյալի հարազատները «ամոթ դատախազությանն և ոստիկանությանը», «Հարություն Սարգսյանն անմեղ է», «բռնել իրական մարդասպանին» և այլ վերտառությամբ ցուցապաստառներով հավաքվել էին դատարանի շենքի մուտքի մոտ՝ պահանջելով արդար դատավարություն, փոխանցում է «Հետք»-ը:
Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանին, որը ոստիկանության Անիի տարածաշրջանի նախկին պետի որդին է, մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն և 188 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հանվել էր Քր. օրենսգրքի 235 հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելու, պահելու վերաբերյալ:
Ըստ աղբյուրի, վիրավորական արտահայտություններ սկսեցին հնչել այն պահին, երբ նիստերի դահլիճ բերեցին Հարություն Սարգսյանին: «Տեսեք, տեսեք, մեր օրերի Ռամիլ Սաֆարովն է: Լավ նայեք, ժողովուրդ, այս տականքին»,- հայտարարել է սպանված Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը: «Տիկին, ես ձեզ խորհուրդ կտամ չշտապել ու որակումներ չտալ: Նախ գտեք ձեր տղային սպանած իրական հանցագործին: Մի վաճառեք ձեր տղայի արյունը, նախ պարզեք, թե իրականում ով է սպանել նրան»,- տուժողի իրավահաջորդին խորհուրդ է տվել մեղադրյալը:
Դատական նիստի սկզբում ամբաստանյալն, օգտվելով դատավարական իր իրավունքից, խնդրել է ազատել ձեռքերը ձեռնաշղթայից: Բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված 29-ամյա երիտասարդը, պատասխանելով դատավորի՝ կենսագրական տվյալներին վերաբերող հարցերին, հրաժարվել է, առանց իր փաստաբանի, ներկայության պատասխանել տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններից Ա. Մելքոնյանի «բանակում ծառայե՞լ է, թե՞ ոչ» հարցին:
«Ես չեմ ուզում պատասխանել այդ հարցին առանց փաստաբանի, քանի որ ինձ բռնելու ժամանակ հարցրին, թե դու էս ինչ օրը եղել ես Վրաստանում, ասել եմ՝ այո, ու դա օգտագործել են իմ դեմ: Հիմա ես չգիտեմ, թե իմ այո-ն կամ ոչ-ը ինչպես կօգտագործեն, դրա համար էլ հրաժարվում եմ պատասխանել»,- պարզաբանել է մեղադրյալը:
Դատավորի այն հարցին, թե ֆիզիկապես առո՞ղջ է Հարություն Սարգսյանը, վերջինս նշել է, որ մինչև 2012թ. ապրիլի 12-ն առողջ էր: «Մինչև մսագործ Կարեն Բաբակեխյանի (Շիրակի մարզային ոստիկանության պետ) հետ հանդիպելս առողջ էի: Ղասաբ Բաբակեխյանի ձեռքի տակով անցնելուց հետո գլխիս վրա հայտնված ուռուցքները շարունակում են մնալ, ծեծ ու ջարդի մնացած հետքերն էլ իրենց զգացնել տալիս են դեռ», - հայտարարել է ամբաստանյալը:
Քանի որ Հարություն Սարգսյանի երեք փաստաբանից և ոչ մեկը չէր ներկայացել դատավարությանը, մեղադրյալը միջնորդել է դատարանին հետաձգել դատական նիստը: «Հետքը» փոխանցում է, որ Հարությունի հայրը դատարանին տեղեկացրել է, որ փաստաբանները բացակայում են հանրապետությունից և կվերադառնան հունվարի վերջին:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 5-ին: