Նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը հետախուզման մեջ է
2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված, սակայն հետո ընտրապայքարից դուրս եկած նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը պարզվում է, ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կողմից հետախուզման մեջ է:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռ 2010-ին որոշել է հօգուտ «Պրո կրեդիտ բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանից (հասցեն` Վ. Համբարձումյան 6-33) և Աստղիկ Գերավետյանից բռնագանձել 98 340.30 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով պատասխանողների գույքի, այդ թվում նաև` գրավադրված գույքի վրա:
Գործի նյութերից տեղեկանում ենք, որ դատաքննության ընթացքում հայցվոր հանդիսացող բանկի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և պատասխանող Ռոբերտ Ահարոնյանի միջև 2008-ի ապրիլի 11-ին կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի կողմից պատասխանող Ռոբերտ Ահարոնյանին տրամադրել է 1.000.000 ՀՀ դրամ գումարի վարկ, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել ստացված գումարը և դրա հաշվարկվող տոկոսները ոչ ուշ քան մինչև 2009 թվականի ապրիլի 13-ը: Նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար երաշխավոր է հանդիսացել Աստղիկ Գերավետյանը:
Պատասխանող Ռոբերտ Ահարոնյանի ընդհանուր պարտքը «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ին 2009 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 98 340.30 ՀՀ դրամ, այդ թվում` 98 340.30 ՀՀ դրամ` տրամադրված վարկի գումարի մնացորդը: Հետևաբար հայցվորը խնդրել է համապարտության կարգով պատասխանողներ Ռոբերտ Անտոնյանից և Աստղիկ Գերավետյանից հօգուտ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 98 340.30 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով պատասխանողների գույքի, այդ թվում նաև` գրավադրված գույքի վրա:
Միաժամանակ խնդրել է Ռոբերտ Ահարոնյանին և Աստղիկ Գերավետյանին պարտավորեցնել համապարտության կարգով վճարելու նաև պարտքի մնացորդ գումարին հաշվարկված տույժերը և տոկոսները վարկային պայմանագրով սահմանված դրույքաչափերով` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև գումարը «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ին փաստացի վերադարձնելու օրը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք նաև, որ պատասխանողները թեև պատշաճ կերպով ծանուցվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին չեն ներկայացել և չեն ներկայացրել հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան: Վճիռը կամովին չկատարելու դեպքում, ըստ դատարանի որոշման, այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին:
Ռոբերտ Ահարոնյանը նախագահի այն թեկնածուներից էր, որ ժամանակին չվճարեց Ընտրական օրնսգրքով սահմանված 8 մլն դրամ ընտրական գրավը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պարոն Ահարոնյանն ասաց, որ իր` ընտրապայքարից դուրս գալու որոշումը պայմանավորված չէ ընտրագրավով:
«Ես մինչև ընտրագրավի մուծումը հրաժարական եմ տվել: Ընտրագրավը չի եղել պատճառը, ես ասել եմ, որ ամբողջ ընտրական պայքարի համար գումարը չի հերիքում: Ընտրագրավի համար, այո, այդքան գումար կա, բայց ավել չենք կարող ծախսել, Հանրապետական կուսակցության հետ ոտք գցել չենք կարող»,- հավելեց պարոն Ահարոնյանը:
Նախկին թեկնածուից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչո՞ւ է հետախուզման մեջ գտնվում ԴԱՀԿ-ի կողմից, նա կտրականապես հերքեց պաշտոնական տեղեկությունը, ավելին, վիրավորեց մեզ` մեղադրելով սուտ խոսելու համար: «Դուք ստում եք, նման բան չկա: Դե դուք դա գրեք, և ես էլ կմտնեմ դատարան», -սպառնաց Ահարոնյանը` նկատելով, որ մենք «պրովոկացիոն հարցեր» ենք նրան տալիս:
Անկուսակցական, «Հայ-ռուսական հասարակական միավորում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, որը չի աշխատում և ինքնառաջադրվել էր, նախկինում Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահն էր, որը միավորվեց Տիգրան Ուրիխանյանի հետ և արդյունքում ստեղծվեց Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը: Այնուհետև Ահարոնյանը հեռացավ կուսակցությունից, երբ Ուրիխանյանը հայտարարարեց իր՝ «Բարգավաճ Հայաստանին» միանալու մասին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ահարոնյանը հայտնի դարձավ նաև նրանով, որ ջանքեր գործադրեց միավորել կումունիստական կուսակցությունները և հայտարարեց ԽՍՀՄ-ը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին