ՀԱԿ-ի հռչակագիրն իրեն սպառել է
«Голос Армении»-ն հիշեցնում է ՀԱԿ անդամ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի հայտարարությունը. «ՀԱԿ-ի հռչակագիրը ենթադրում է սահմանադրական իրավունքի վերականգնում և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում: Այս հռչակագիրն իրեն սպառել է: 5 տարի հուսադրել ժողովրդին, իսկ հետո հրաժարվել մասնակցել ընտրություններին անբարոյականություն է»: Գ. Մարգարյանը նաև նշել է, որ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունն արդեն վաղուց չի մասնակցում Կոնգրեսի գործադիր մարմնի նիստերին: «ГА»-ն նշում է, որ Կոնգրեսում հասկանում են, որ իրենց «քաղաքական բանկռոտի» համար իրենք պարտական են միմիայն իրենց առաջնորդին, սակայն միևնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանից բացի, ոչ ոքի չեն տեսնում որպես նախագահական ընտրություններում իրենց թեկնածու:
«Ով մեզ հետ չէ, նա տականք է» Կոնգրեսի հայտնի կարգախոսը փոխարինվել է` «Ով չի բոյկոտում նախագահական ընտրությունները, նա լեգիտիմացնում է իշխանությունները», կարգախոսով, որը Հրանտ Բագրատյանն անվանել է «անհեթեթություն»: Տեղեկացնելով այն մասին, որ ՀԱԿ-ի կազմում եղած մեկ այլ կուսակցության` «Ժողովրդավարական Հայրենիք»-ի ղեկավար Պետրոս Մակեյանը հայտարարել է, թե իրենք ծրագիր են մշակել Կոնգրեսը բարեփոխելու համար` թերթը գրում է, որ ժամանակին ՀՀՇ-ն մաքրելու և բարեփոխելու փորձեր էր անում Մակեյանի նախորդը` Էդուարդ Եգորյանը, որին այդ ցանկության համար ՀՀՇ-ն քաղաքական հալածանքների ենթարկեց: