Հ. Հարությունյան. Նախագահի թեկնածուներից ոչ-ոք չունի Սերժ Սարգսյանի անցած ուղին
«Պետք է բոլորս միասին ընդունենք, որ Սերժ Սարգսյանի անցած ուղին ոչ մի այլ նախագահի թեկնածու, կարծում եմ, չունի: Ժողովուրդն ունի պատմական բախտ իր շարքերում ունենալու այն լիդերներին, ովքեր կարող են ազգը առաջնորդել՝ հատկապես, երբ տվյալ ժողովուրդն ու պետությունը կանգնած է շատ բարդ մարտահրավերների առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին առաջադրված հիմնական թեկնածուներին, նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Նրա համոզմամբ, Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն աշխարհաքաղաքական իրավիճակում, և, ըստ նրա, այդ ծանր մարտահրավերներին գործող նախագահից բացի առկա թեկնածուներից ոչ ոք չի կարող դիմագրավել:
«Երբ ասում ենք, որ գործող նախագահը մրցակից չունի, դա ճիշտ չի մեկնաբանվում: Նա մրցակից չունի ոչ թե նրանով, որ նախագահի թեկնածուներ չկան: Ընդհակառակը, շատ-շատ կան: Դա ասելով նկատի ունենք թեկնածուների անհատական հատկանիշները և անցած ուղին»,- պարզաբանեց Հ. Հարությունյանը:
Պատգամավորի դիտարկմամբ, գործող նախագահն ացնել է պատերազմի ողջ բոհով, իսկ այսօր մենք կանգնած ենք պատերազմական սպառնալիքի առաջ, հետևաբար ՀՀ նախագահը, ով նաև գերագույն գլխավոր հրամանատարն է, պետք է ունենա այդ փորձը, ուղին, որպիսի ի վիճակի լինի դիմագրավել Հայաստանի առջև կանգնած պատերազմի մարտահրավերը:
«Գործող նախագահը պատերազմի ընթացքում ապացուցել է, որ ոչ միայն աննկուն մարտիկ է, այլև խելոք ռազմական ղեկավար: Մնացած արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանը, բնականաբար, ունի մեծ առավելություն, քանի որ մինչ նախագահի պաշտոնը զբաղեցնելով պատասխանատու պետական պաշտոններ՝ բոլոր բնագավառներում իրեն արդարացրել է»,- նշեց Հ. Հարությունյանը՝ հավելելով, որ հարգում է մյուս թեկնածուներին և կցանկանար այլոց մասին ևս այդպես խոսել, սակայն իրականությունն այն է, որ մնացած թեկնածուները չունեն այդ անցած ուղին: