Վ. Հակոբյան. Մեր ժողովուրդը հույսը կապում է վիրտուալ քաղաքական կառույցների հետ
«Իրատես De facto»-ն զրուցել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին` Վ. Հակոբյանը նշել է, որ ընտրական գործընթացներին մասնակցելու քիչ թե շատ կշիռ ունեցող քաղաքական գործիչների հրաժարումը հանգեցրեց ընտրություններում ինտրիգի կորստին, սակայն դա չի նշանակում, որ կգրանցվի ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշ:
Ըստ նրա` դա նախ թույլ չեն տա իշխանությունները: Բացի այդ` Հայաստանում անկախ ամեն ինչից, միշտ էլ ընտրազանգվածը մեծ ակնկալիքներ ունի հենց նախագահական ընտրություններից: «Մեր տիպի մենթալիտետ ունեցող ժողովուրդներն ավելի շատ հույսը կապում են կոնկրետ մարդու, քան ոչ «շոշափելի», որոշ դեպքերում նույնիսկ «վիրտուալ» քաղաքական կառույցների հետ: Այնպես որ, որոշակի հետաքրքրություն ընտրությունների նկատմամբ, այնուամենայնիվ լինելու է: Ինչ-ինչ մեզ մոտ թամաշան միշտ բարձր մակարդակի վրա է»,-ասել է քաղտեխնոլոգը: