Պարոն Ջհանգիրյան, իմ բալային սպանողը Իվանն է. Ինչո՞ւ է որդեկորույս մայրը փոխել կարծիքը. «Մատաղիսի գործ»
ԼՂՀ Մատաղիսի հայտնի զորամասում շուրջ ինը տարի առաջ սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի մայրը և մյուս հարազատները օրերս լրագրողների հետ հանդիպել էին, դժգոհել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վճռից, հայտարարել, որ բողոքարկել են վճիռը ու պնդել` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը ու Ռազմիկ Սարգսյանը մեղավոր են:
Նույն զորամասում սպանված նրա համածառայակից Հովսեփ Մկրտումյանի մոր` Գրետա Մնացականյանի մոտ տարակուսանք է առաջացրել Եղիազարյանի հարազատների հայտարարությունները, քանի որ նրանք այսքան տարիների ընթացքում շարունակվող դատական գործընթացներին անմասն են մնացել, գրեթե չեն եկել նիստերին: Սակայն ամենատարօրինակն այն է, որ Ռոման Եղիազարյանի մայրը` Գոհար Մելիքյանը կտրուկ կերպով փոխել է իր տեսակետը կատարվածի համար մեղավորների հարցում:
«Մատաղիսի գործ»-ի շուրջ երկու տասնյակից ավել հատորներներից մեկում տիկին Գոհարի դիմումն է (գրված 2004-ի մարտի 3-ին) ուղղված այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին:
Panorama.am-ը ներկայացնում է հատվածներ դիմումից, որտեղ տիկին Մելքոնյանը տղաների սպանության համար մեղադրում է զորամասի հրամանատարությանը` միևնույն ժամանակ «հոգաչափ շնորհակալություն» հայտնելով Ջհանգիրյանին.
«Հարգելի պարոն Ջհանգիրյան, մենք` ծնողներս, Ձեզանից հոգաչափ շնորհակալություն ենք հայտնում Ձեր ընդունելության ու վերաբերմունքի համար, որ ցուցաբերեցիք մեր հանդեպ: Նաև բազմիցս շնորհակալություն, որ կազմակերպեցիք մեր և բանակի սպաների հանդիպումը, նրանց, որոնց այնքան ուզում էինք տեսնել…տեսնել և պահանջել մեր անմեղ զոհերին, մեր զավակներին…կրկնակի անգամ շնորհակալություն: Պարոն Ջհանգիրյան, այս դիմումով խնդրում եմ Ձեզ թույլ տալ հայտնել արդեն հիմնավորված իմ «երազ-տեսակետ-կարծիքը: Այո, իմ որդին երազիս մեջ հայտնել էր իր թշնամու ով լինելը, և ես բացեիբաց հայտարարում եմ` իմ բալային սպանողը Իվանն է…, այն Իվանը, որը իրեն չկարողացավ դրսևորել ընդամենը մի քանի րոպեների ընթցաքում: Թերևոս խոստովանում եմ, որ վիրավորել եմ նրան, բայց դա չի նշանակում, որ նա այդպես ըմբոստ կերպարանք պետք է ընդուներ. Չէ՞ որ ես որդեկորույս մայր էի և իմ աչքին բնավ ոչինչ չի գալիս, առավել ևս հարգել այն հրամանատարին, որի ձեռքերը թաթախված են որդուս արյան մեջ: Ես իրավունք ունեի հրամանատարից պահանջելու իմ որդուն ամեն ճանապարհով` և վիրավորանք հասցնելով, և գոռալով` ընդհուպ մինչև ծեծուջարդը: Բայց մենք այդ քայլին չգնացինք (հարգելով Ձեզ), հակառակը. Ես պարոն Իվանից նույնիսկ ներողություն խնդրեցի, որովհետև ուզում էի տեսնել նրա իսկական դեմքը: Եվ տեսա….»:
Որդեկորույս մայրը զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանին անվանում է «նողկալի ոճրագործ, որը կարող էր դաժան հաշվեհարդար տեսնել մեր որդիների հետ»: Դիմումի մեջ տիկին Գոհարը բազմիցս խնդրում է Գագիկ Ջհանգիրյանին «անաչառ վերաբերմունք ցույց տալ անխտիր բոլորին, ովքեր առնչվում են այս հանցագործության հետ»:
«Մենք այն կարծիքին ենք, որ սպանությանը անմասն չեն մնացել պարոն Մայիլյանը, բացառությամբ Բաղիրյանի, որի անպատասխանատվությունը և վախկոտությունը ցնցեց բոլորիս: Բաղիրյանը նույնպես գիտի սպանության մանրամասների մասին, իսկ Իվանի «եղբայր» Միշիկ Արզումանյանը տեղյակ է հանցագործների ով լինելու և անմիջապես հանցակից է հանցագործության հետ: Ինչպե՞ս կարելի է նրան վստահել 228 զինվորի ճակատագիր, երբ ամենայն հավանականությամբ նրանցից յուրաքանչյուրը կարող է այդ բախտին արժանանալ: Իսկ պարոն Իվանը ապուշի հայացքով կարող է լեգենդար Կամոյի դերը խաղալ` ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ ասի: Իվանին ձեռնտու է չհիշելը, իսկ մենք այն կարծիքին ենք պարոն Ջհանգիրյան, որ դուք կհիշեցնեք նրանց իրենց պարտականությունների մասին: …Մեղավորը մեր բանակի սպաներն են` մեծից փոքր», գրել էր Ռոման Եղիազարյանի մայրը` հույս հայտնելով, որ պարոն Ջհանգիրյանը կբացահայտի հանցագործությունը կատարողներին:
Ծառայության ընթացքում որդուն կորցրած մայրը, սակայն տարիների ընթացքում փոխել է կարծիքը և համաձայնել նախաքննական մարմնի` զինվորական դատախազության առաջ քաշած վարկածին` Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին սպանել են նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը և Մուսա Սերոբյանը:
Թե ինչո՞ւ են Ռոման Եղիազարյանի հարազատներն այդ քայլին գնացել, հարցին պատասխանները տարբեր են. ոմանք ասում են, որ նրանք ուղղակի ընկել են Գագիկ Ջհանգիրյանի ազդեցության տակ, իսկ իրենք հայտարարում են, որ տեսագրության մեջ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը «ամեն ինչ տեղն է դնում»: Նկատենք, որ Ռազմիկ Սարգսյանն այդ ցուցմունքը տալիս է կմկմալով, զինդատախազի աշխատասենյակում ու բավականին ցածր ձայնով:
«Չեմ հասկանում` ինչի՞ են նման հայտարարություններ անում, ի՞նչ շահ ունեն: Թող բողոքարկեն, միևնույնն է արդար վճիռ է կայացվելու: Էդ հիմա որ հայտարարում ա, թե Ռազմիկ Սարգսյանն ա մեղավոր, բա ինչի՞ էր էն ժամանակ գրում ու զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից պահանջում պատժել Իվան Գրիգորյանին», -հարցեր է բարձրացնում որդուն կորցրած մյուս մայրը` Գրետա Մնացականյանը:
Շարունակելի...
Նախորդիվ`
Նոր զարգացումներ «Մատաղիսի գործ»-ով (տեսանյութ)
Մահացած տղաներին կամրջից ներքև նետել են Իվան Գրիգորյանի մեքենայից. Մանրամասներ «Մատաղիսի գործ»-ից
Մատաղիսի գործ. ապտակ Ջհանգիրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան