Սերժ Սարգսյան. Արցախահայությանը բնաջնջել խոստացողները և այդ մասին մինչև հիմա երազողները ուշացել են
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Նիստը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական և տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարները, կառավարության անդամները, պետական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավար կազմը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը և զինված ուժերի բարձրագույն սպայակազմը:
Նիստում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղիները, անդրադարձել՝ համապետական զորավարժությունների անցկացման նպատակներին, եղանակներին ու արձանագրված արդյունքներին:
Պաշտպանության նախարարը հանգամանորեն անդրադարձել է նաև զորավարժությունների անցկացման առանձին փուլերին և դրանց իրականացմանը ներգրավված մարմինների աշխատակարգին՝ սկսած ազդարարումից, մարտական խնդիրների ստացումից ու վերլուծությունից, մինչև որոշումների ընդունումը և իրագործումը, ներկայացրել է զորավարժությունների ժամանակ բարձր ֆունկցիոնալ պատրաստվածությամբ ու կատարողական վարպետությամբ աչքի ընկած գերատեսչություններին:
Ընդլայնված նիստում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ընդլայնված նիստում
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք առաջին անգամ ենք այս ձևաչափով հավաքվում զորավարժությունների արդյունքներ ամփոփելու համար: Հրավիրել եմ ձեզ այս կազմով, նկատի ունեմ՝ Ազգային ժողովի ղեկավարություն, կառավարության ընդլայնված կազմ, այդ թվում՝ մարզպետներ, փոխնախարարներ, Նախագահի և Անվտանգության խորհրդի աշխատակազմերի ղեկավար աշխատողներ, դատական և այլ կարևոր կառույցների ղեկավարներ, քանի որ համարում եմ՝ մի կողմից փոխվում են մեր երկրի առաջ կանգնած տարածաշրջանային և միջազգային մարտահրավերները, մյուս կողմից` մեր Զինված ուժերը մտել են կայացման այնպիսի փուլ, որում լիամասշտաբ պլանային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պետք է կրի պարբերական բնույթ: Իսկ դրա արդյունավետության համար պահանջվում է բոլորիս համատեղ աշխատանքը:
Մենք լսեցինք պաշտպանության նախարարի զեկույցը «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժությունների և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության փուլերի վերաբերյալ: Ինչպես նշեց նախարար Օհանյանը, դրանցում հիմնականում հաջողության հասել ենք, թեև կան նաև թերություններ: Թերությունները պետք է շտկվեն արագ և որակով: Դեկտեմբերին ես ստորագրել եմ համապատասխան կարգադրություն` հստակ ցուցումներ տալով կառավարությանը: Բայց հիմնական դասը, որ պետք է քաղենք այդ զորավարժություններից, մեր ներքին փոխգործակցության, պետական կառավարման բոլոր մարմիններում լուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու անհրաժեշտության գիտակցումն է:
Երկրի անվտանգության և պաշտպանության հարցերը չեն կարող լինել միայն ուժային կառույցների պատասխանատվության դաշտում: Ավելին, հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, առկա մարտահրավերները, արագ մոբիլիզացվելու անհրաժեշտությունը, մենք պետք է մշտապես կատարելագործենք պետական համակարգի փոխգործակցելու և արդյունավետ արձագանքելու կարողությունները:
Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս թիվ մեկ խնդիրն ու գործն է: Անկախ նրանից, թե որ ոլորտում եք դուք ղեկավար պաշտոն զբաղեցնում, Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ձեր աշխատանքի կարևոր բաղկացուցիչ մաս կազմի:
Անկախության առաջին երկու տասնամյակի ընթացքում մենք անցանք մեզ պարտադրված գոյամարտով, դուրս եկանք հաղթանակած և կարողացանք արագ անցնել պետական շինարարության բուն գործընթացին: Ունեցել ենք ձեռքբերումներ և բացթողումներ: Հաճախ ենք հղում կատարել մեր անփորձությանը, ինստիտուտների բացակայությանը, ավանդույթների պակասին: Կատարել ենք սխալներ, երբեմն՝ ներելի, երբեմն` ոչ:
Անցել է քսան տարի, փոխվել է վիճակը մեր տարածաշրջանում, փոխվել է աշխարհը, շատ է փոխվել նաև մեր պետությունը: Այն, ինչ ներելի էր և միգուցե օրինաչափ անկախության առաջին տարիներին, այժմ անհանդուրժելի է և պետք է բացառվի:
Այսօր պետք է հստակ պայմանավորվենք, որ այսուհետ զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք մեր այն գործընկերների նկատմամբ, ովքեր բավարար ուշադիր չեն Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության խնդիրներին: Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր պախարակում և վարկաբեկում են զինված ուժերի պատիվն ու համբավը: Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են ամեն գնով խուսափել զինվորական ծառայությունից կամ ոչ պատշաճ ձևով կատարել այդ ծառայությունը: Զրոյական հանդուրժողականություն այն զինվորականների նկատմամբ, ովքեր ուսադիրներն ու համազգեստն օգտագործում են սեփական շահի համար կամ որևէ այլ կերպ ստվերում են սպայական պատիվը:
Այնպես ստացվեց, որ անկախության առաջին իսկ տարիներից բանակը հատուկ տեղ զբաղեցրեց մեր հասարակության կյանքում: Պատերազմ էր, որի շունչը զգացվում էր Հայաստանի ողջ տարածքում` մի տեղ ավել, մի տեղ պակաս: Այդ տարիներին յուրաքանչյուր ընտանիք ուներ մոտիկ կամ հեռավոր ազգական Հայոց բանակում: Եվ բանակը յուրաքանչյուր մարդու սրտում էր: Այդ զգացումը առավել ամրապնդվեց, երբ մեր բանակը տարավ այնքան անհրաժեշտ, կենսական հաղթանակ:
Քսան տարի անց ունենք բանակի հանդեպ այդ սերն ու հարգանքը մեր հասարակության ինստիտուցիոնալ հիշողության մեջ մեկընդմիշտ ամրագրելու անհրաժեշտություն: Այսինքն, պետք է այնպես անենք, որ զինված ուժերի նկատմամբ հասարակության լայն խավերի վերաբերմունքը մշտապես լինի ընդգծված դրական: Այդ խնդրի լուծմանը պետք է հասնենք և՛ բանակում տեսանելի լուրջ բարեփոխումներ իրականացնելով, և՛ տեղեկատվական աշխատանքի որակը բարձրացնելով, և՛ բանակին վերաբերող հարցերում հանրային ճիշտ վարքագծի ձևավորմանը միտված ամենօրյա ջանքերով:
Մեր պետական շինարարության մեծ ձեռքբերումներից էր բանակաշինության գործում արձանագրված արդյունքը: Հազվագյուտ է ստացվում պատերազմական գործողություններին զուգահեռ արդյունավետ անցում կատարել զինված խմբավորումներից կանոնավոր բանակի: Մեզ դա հաջողվեց: Այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած` պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր Զինված ուժերի շուրջ: Խստորեն պահպանելով զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդավարական սկզբունքը, մենք պետք է օրինականության շրջանակներում ամրագրենք բանակի ուրույն տեղն ու դերը մեր պետության կյանքում:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր երկրի պաշտպանությունն ուղղակի պարտավոր ենք կազմակերպել խելամիտ ձևով: Խելամիտ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ միջոցների արդյունավետ օգտագործմամբ՝ լինեն դրանք անձնակազմ, տեխնիկա, բյուջե, թե ղեկավար փաստաթղթեր ու հրամաններ, ավելի մեծ արդյունք ապահովելու կարողությունը:
Ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, փրկարարական ստորաբաժանումները, նրանց քաղաքացիական հատուկ ծառայողները, սպայակազմը և ենթասպայակազմը պետության անվտանգության հենասյունն են: Անվտանգությանը ցանկացած լուրջ մարտահրավերի դեպքում առաջին հերթին նրանք պետք է կարող լինեն գործելու միասնաբար` ունենալով համատեղելի ընթացակարգեր և փոխլրացնող տեխնիկական միջոցներ: Զինված ուժերի անձնակազմն իր լուրջ ներդրումը պետք է բերի նաև այլ գերատեսչություններում քաղաքացիական պաշտպանության ու զորահավաքի առավել արդյունավետ համակարգերի մշակման գործում:
Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպան առաջին հերթին մտավորական է: Պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ համբավը վերականգնելու ուղղությամբ: Պետք է զարգացնենք բանակի բնական կապը հասարակության բոլոր շերտերի հետ, նոր մակարդակի բարձրացնենք բանակ-գիտություն փոխգործակցությունը` ապահովելով բանակի համար արդի և կիրառելի գիտական արդյունքի մատակարարում: Պետք է ուժեղացնենք կապը ռազմական և քաղաքացիական բուհերի միջև` ապահովելով համազգեստով կուրսանտների մուտքը քաղաքացիական բուհեր և քաղաքացիական ուսանողների մուտքը ռազմական ուսումնական հաստատություններ` կրեդիտային համակարգով լավագույն դասախոսների մոտ սովորելու հնարավորություն ընձեռելով:
Մեր առաջնահերթ խնդիրներից է զինված ուժերը ժամանակակից, այդ թվում՝ հայրենական արտադրության սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելը: Այդ նպատակով պետք է ամրապնդենք բանակ-տնտեսություն կապը` խթանելով ռազմարդյունաբերությունը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարված ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի վերջնական իրավական ձևակերպումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու ինքնորոշման իրավունքն օրենքի շրջանակներում իրացրած և հետո անհավասար պայքարում պաշտպանած ժողովուրդը պետք է երբևէ Ադրբեջանի մաս կազմի: Ինչո՞ւ պետք է այդ ժողովրդի ճակատագիրը պայմանավորվի ժամանակին Ստալինի կողմից կատարված ապօրինությամբ:
Մեր անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում այդ հարցում Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանը բացեիբաց խախտում է զինադադարի պայմանները, շփման գծում պարբերաբար զինվորներ են զոհվում, որոնց արյունը Ադրբեջանի իշխանությունների վրա է:
Օրեր անց նշելու ենք Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Բայց դա ընդամենը շարժման նորօրյա փուլի սկիզբն էր: Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի համակերպվել Ստալինի դաված ապօրինությանը, ղարաբաղցին երբեք իրեն չի համարել Ադրբեջանի քաղաքացի, երբեք չի համակերպվել Ադրբեջանին բռնակցվելու որոշմանը:
19 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով կնքված եռակողմ զինադադարն ամրագրեց հայկական ինքնապաշտպանության հաղթանակը: Այսօր Ադրբեջանում շատերն են մոռանում «Լեռնային Ղարաբաղի հարգարժան իշխանություններին» իրենց նախկին ղեկավարների ուղղած հրադադարի միջնորդությունը: Նախորդ պատերազմի զրկանքներից ծնողների փեշի տակ թաքնված երիտասարդներն այսօր նախընտրում են չհիշել պատմության այդ էջերը:
Անտեսելով զինադադարի մասին եռակողմ համաձայնությունը, Ադրբեջանը մինչ օրս չի դադարում գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության սահմանները: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մերժում են միջնորդների` դիպուկահարներին շփման գծից հեռացնելու և միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու առաջարկները, նույնիսկ հրաժարվում են մեկ տարի առաջ Սոչիում իրենց իսկ կողմից ստորագրված հայտարարությամբ ստանձնած վստահության ամրապնդման միջոցառումներն իրագործելուց:
Ռազմատենչ հռետորաբանությունը և ադրբեջանական հասարակությունում հայատյացության սերմանումն իրական պատուհաս է դարձել մեր տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկրում մի ողջ սերունդ է մեծանում՝ լի մեր ժողովրդի հանդեպ չարությամբ և ատելությամբ: Ինչպե՞ս որակել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Բայց մեկ բան հստակ է` այն քարոզչական քաղաքականությունը, որն Ադրբեջանի իշխանությունները իրականացնում են սեփական ժողովրդի հանդեպ, ուղղակի հրեշավոր է: Որպես արդյունք, Ադրբեջանի ժողովուրդը երկար ժամանակ դեռ պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել:
Առօրեական է դարձել պատմության բացահայտ և ցինիկ կեղծումը: Ընդամենը օրեր առաջ մեր հարևան պետության ղեկավարը Սումգայիթում ամենայն լրջությամբ հերթական անգամ կրկնում էր, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն առաջացել է ադրբեջանական հողերի վրա, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է, և իր նախնիները մեծ սխալ են գործել այն «նվիրելով» հայերին: Գուցե կարելի կլիներ այդ ամենին որպես զավեշտի մոտենալ, եթե չլիներ ողբերգական ասոցիացիան: Քառորդ դար է բաժանում Իլհամ Ալիևին ադրբեջանցի այն բաշիբոզուկներից, որոնք Խորհրդային Ադրբեջանի ղեկավարների ծածուկ աջակցությամբ նույնաբովանդակ ելույթներով սադրում էին գազազած ամբոխին՝ սպանել, այրել ու ոչնչացնել հայերին:
Օրինաչափ է, որ պետության այդպիսի ղեկավարը արդարացնում և հերոսացնում է քնածին կացնահարող տականքին: Մի բան, որ խայտառակություն կհամարվեր իրեն հարգող որևէ բանակի սպայական ողջ անձնակազմի համար:
Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի հավասարաչափ և ներդաշնակ զարգացման մասին, ելակետային է այն նախադրյալը, որ տարածաշրջանի բոլոր պետություններն էլ կիսում են նույն արժեքային համակարգը և ունեն պետականաշինության նույն նկրտումներն ու զարգացման նույն նպատակները: Հենց նման պայմաններում է հաջողված պատմություն դարձել եվրոպական ինտեգրացիան, նման պայմաններում են այսօր ստեղծվում և զարգանում տարածաշրջանային մի շարք կառույցներ հետխորհրդային տարածքում, Հարավային Ամերիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Աֆրիկայում:
Այս համատեքստում Հարավային Կովկասը կարող էր իդեալական գործակցության մոդել լինել: Սակայն երբ հարևանդ ապրում է այլ, քոնին ճիշտ հակառակ արժեհամակարգում, դա անվտանգության լուրջ սպառնալիք է պետության համար:
Մենք պետք է ամեն օր, ամեն պահ պատրաստ լինենք պատերազմ քարոզող ռեժիմի կողմից նոր ռազմական արկածախնդրության: Կարծում եմ՝ մեր հարևաններն ըմբռնում են, որ պատերազմը որքան կործանարար կլինի Հայաստանի, նույնքան էլ, եթե ոչ ավելի` Ադրբեջանի համար: Բայց չեմ կարծում, որ Ադրբեջանի այսօրվա ղեկավարները մտահոգ են իրենց ժողովրդի ճակատագրով: Նրանք պատրաստ կլինեն վերսկսել պատերազմը, եթե համարեն, որ ունեն բացարձակ առավելություն Հայաստանի նկատմամբ կամ եթե դա անհրաժեշտ լինի ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու համար:
Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն՝ մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլևս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է:
Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Ուստի, Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական:
Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ մեր մոտեցումները համընկնում են միջազգային հանրության պատկերացումների հետ, ինչն անշուշտ խոսում է այն մասին, որ մենք ընկալելի ու կանխատեսելի գործընկեր ենք բոլորի համար: Մեր մոտեցումները բանական են ու հավասարակշռված, իսկ որ ամենակարևորն է՝ հաշվի են առնում տարածաշրջանում բոլորի կայուն, խաղաղ զարգացման երկարատև հեռանկարները: Սակայն այս հանգամանքը մեզ չպետք է հանգստացնի: Մեր այդ նպատակին հասնելու գրավականը ամուր երկիրն է ու ամուր բանակը, կայուն ու զարգացած Հայաստանը և կրթված ու մարտունակ զինվորը: Այդ ամրության և կայունության անբաժան մաս են մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, պաշտպանված քաղաքացին, սիրող ընտանիքը, բարեկեցիկ գյուղերն ու ժամանակակից քաղաքները: Այդ ամենի համար մենք պետք է օր ու գիշեր աշխատենք` անընդհատ մտածելով մեր պետության ամրության մասին, ամեն պահ գիտակցելով, թե ինչ բացառիկ առաքելություն է տրված մեր սերնդին` կայացնելու վերանվաճված անկախությունը:
Հարգելի՛ գործընկերներ,
Խոսելով Ադրբեջանի մասին` չպետք է մոռանանք, որ տարածաշրջանում կա մի պետություն, որն անվերապահորեն սատարում է Բաքվի հակահայ քաղաքականությանը: «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո ձևավորված թուրք-ադրբեջանական տանդեմը շուրջ քսան տարի շարունակ փորձում է շրջափակման, բաժանարար գծերի խորացման և համագործակցության բացառման միջոցով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզել: Դա նրանց չի հաջողվել և չի հաջողվելու:
Որպես խաղաղասեր, առաջադեմ և հեռատես ժողովուրդ, մենք գիտակցում ենք մեր տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը հարևանների հետ խաղաղ գոյակցելու և բնականոն զարգացման ճանապարհով ընթանալու համար: Հենց այս ամենի գիտակցմամբ էլ մենք նախաձեռնեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բոլորն են տեղյակ, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ այն, և ինչ պայմաններում Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից` շարունակելով զմռսված պահել Եվրոպայի միակ փակ սահմանը:
Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարվել: Հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությունը «զրոյական արդյունք» տվեց: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան ձգտում է հարևանների հետ բոլոր խնդիրները լուծել հարևանների հաշվին: Այսօր Թուրքիան արագ զարգացող և մեծ առաջընթաց արձանագրող պետություն է, բայց այդ ընթացքը միշտ թերի է լինելու, և կանխատեսելի է դրա դրամատիկ ընդհատումը, եթե Թուրքիայի իշխանությունը լրջորեն չվերանայի իր վերաբերմունքը իր պետության և ժողովրդի պատմությանը: Այն այսօր էլ լրջորեն վտանգված է, քանի որ Թուրքիան կրկնում է իր իսկ պատմության սխալները:
Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Թուրքիայի պարտքն է ցեղասպանության զոհերի, վերապրածների ու նրանց ժառանգների, համայն մարդկության, բայց առաջին հերթին՝ իր իսկ ժողովրդի առջև: Այսօր Թուրքիայի ժողովուրդը, թեև դանդաղ, բայց կասկածի տակ է դնում տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունների մատուցված շինծու վարկածը, իսկ թուրքական հասարակության առավել առաջադեմ ու համարձակ հատվածը բարձրաձայն խոսում է Հայոց ցեղասպանության մասին:
Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը սոսկ արդարության և արդարադատության պահանջ չէ կամ նախնիների առջև ունեցած բարոյական պարտքի կատարում, այն ունի նաև անվտանգության նշանակություն: Կարծում եմ՝ առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի և Ցեղասպանության հետևանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ես մշտապես շեշտել եմ, որ Հայաստանը մի երկիր է սփյուռքով, և բոլորովին այլ` առանց սփյուռքի: Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը չունեն և չեն կարող ունենալ առանձին շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, անկախ նրանից, թե հայն աշխարհի որ անկյունում է ապրում: Հետևաբար մեր գործողությունները նույնպես պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող:
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի հզորացման գրավականը մեր հավաքական ուժի մեջ է, որը կոփված է հայի դարավոր պատմական փորձով: Հենց դրա գիտակցումով էր, որ բանակցային ողջ ընթացքում Թուրքիան փորձում էր կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու հայաստանցիները մի բան են ուզում, իսկ աշխարհասփյուռ հայությունը՝ այլ բան: Դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահն իր երկրի թշնամի է համարում աշխարհասփյուռ հայությանը:
Մեր միասնականությունն ու համախմբվածությունն է նաև, որ հետ է պահում և վախեցնում է մեր հակառակորդներին: Կասկած չկա, որ Սփյուռքի հետ մեր աշխատանքը պետք է դառնա Հայաստանի անվտանգության և պաշտպանության օրակարգի անբաժան մաս: Սփյուռքի հայկական կառույցները, եկեղեցիները, մամուլը մոբիլիզացիոն և պաշտպանական կարևորագույն գործոններ են մեր զինանոցում: Սփյուռքը դա մեկ անգամ չէ ապացուցել, և վստահ եմ, պետք եղած դեպքում չի վարանի ապացուցելու նորից:
Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր ուրույն մարտահրավերներն ու փորձությունները: Մարտահրավերների համարժեք և ժամանակին լուծումը էականորեն է ազդում ժողովրդի և պետության կենսունակության, նրանց զարգացման և ապագայի վրա: Մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայման և հաղթահարման առաջնային նախապայմաններից պետք է լինեն համահայկական բարոյակերտ արժեհամակարգի պահպանումն ու վերարտադրումը, Հայրենիք-Սփյուռք գործակցության առավել ամրապնդման համար համապատասխան ինստիտուտների բազմազանեցումն ու արդիականացումը, կարևորագույն խնդիրների լուծման համար ջանքերի և ռեսուրսների համադրումը:
Այս գործակցությունը մենք դրել ենք փոխադարձության սկզբունքի վրա, և հայտարարել ենք, որ Հայաստանը, որպես համայն հայության հայրենիք և պետություն, գործ ունի անելու Սփյուռքի խնդիրների լուծման ուղղությամբ: Սիրիայում իրավիճակի լարումը դարձավ այս հարցում մեր վճռականության առաջին խոշոր փորձաքարը:
Անկայունությունը Մերձավոր Արևելքում լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար: Դա պայմանավորված չէ միմիայն մերձավորարևելյան երկրներում հայկական սփյուռքի առկայությամբ, թեև դա, իհարկե, էական գործոն է: Մերձավոր Արևելքը մշտապես եղել է համաշխարհային քաղաքականության հիմնական կենտրոններից թե՛ ռազմավարական ու քաղաքական, թե՛ քաղաքակրթական, մշակութային-կրոնական առումներով, իսկ Հայաստանի համար բազում առանցքային իրադարձություններ անմիջականորեն կապված են եղել մերձավորարևելյան գործընթացների հետ:
Արդեն երկու տարի մերձավորարևելյան մի շարք երկրներում տիրող քաղաքական, տնտեսական և հումանիտար առումներով հաճախ ճգնաժամային իրադրությունը շարունակում է ահագնանալ՝ կրելով առավել վտանգավոր փոխակերպումներ և սպառնալիքներ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տիրույթում: Երկու տարիների դինամիկան ցույց տվեց, որ գործընթացը հաճախ ենթակա չէ վերահսկողության ոչ միայն ներպետական, այլև, շատ դեպքերում, միջազգային մակարդակում: Սիրիայի ողբերգական զարգացումները վերոնշյալի ապացույցն են: Տասնյակ հազարավոր անմեղ մարդկային զոհերի, հարյուր հազարավոր գաղթականների առկայության փաստը, և այդ ֆոնին հակամարտության կարգավորման տեսլականի բացակայությունը խորը մտահոգության առիթ են տալիս: Մենք բազմիցս նշել ենք, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում սիրիահայության առջև ծառացող խնդիրները: Ցավոք սրտի, վերջին շրջանում նկատելիորեն աճել է զոհերի ու վիրավորների թիվը, այրվել է Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, վնասվել են բազմաթիվ հայկական հաստատություններ: Ներկայումս Հայաստանում ապաստան են գտել շուրջ 6000 սիրիահայեր, որոնց զգալի մասը ձեռք է բերել նաև Հայաստանի քաղաքացիություն: Նրանց շատ խնդիրներ՝ հիմնականում սոցիալական բնույթի, պահանջում են հրատապ լուծումներ: Մինչ օրս մեր ձեռնարկած քայլերն ուղղված են եղել սիրիահայ մեր եղբայրների և քույրերի կարիքների ապահովմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում:
Հարգելի՛ գործընկերներ,
21-րդ դարի միջազգային համակարգի կարևոր օրինաչափություններից են համաշխարհայնացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան: Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ինտեգրացիոն տարբեր ձևաչափերի ակտիվ մասնակից՝ դրանում առաջին հերթին առաջնորդվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական շահերով: Այդ իսկ պատճառով, մենք որդեգրել ենք համագործակցային և հավասարակշռված քաղաքականություն` գործընկերային հարաբերություններ զարգացնելով Հայաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված բոլոր պետությունների հետ:
Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցք շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն անկախության 20-ամյա պատմության ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը: Այս համատեքստում մենք չափազանց կարևոր դեր ենք հատկացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մեր անդամակցությանը: Ունենալով ծանրակշիռ ներդրում այդ կառույցի կայացման գործում և վստահելով մեր ազգային անվտանգության ապահովման որոշակի չափաբաժին այդ համակարգին՝ մենք այն համարում ենք մեր պետության անվտանգության իրական երաշխիք: Նաև այդ առումով եմ կարևորում «Փոխգործակցություն–2012» համատեղ զորավարժության արդյունավետ կազմակերպումն ու անցկացումը որպես մեր դաշնակցային պարտավորությունների կարևոր բաղադրիչ:
Միևնույն ժամանակ, մենք սերտ և թափանցիկ համագործակցություն ենք ծավալում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` ձգտելով կիրառել վերջինիս լավագույն փորձը մեր զինված ուժերի զարգացման գործում: Հայ խաղաղապահները շարունակում են իրենց արժանապատիվ մասնակցությունը բերել ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանն աշխարհում ունի և՛ դաշնակիցներ, և՛ գործընկերներ, և՛ բարեկամներ: Նրանք շատ թանկ են մեզ համար, բայց մենք մեր հույսը առաջին հերթին դնում ենք մեզ վրա: Ոչ մի օտար պարտավոր չէ լինել ավելի հայ, քան մենք ենք: Այստեղից հետևություն՝ խաղաղության պահպանումը տարածաշրջանում առաջին հերթին մե՛ր պարտականությունն է և մե՛ր ձեռքբերումն է: Մենք այդ գործը մինչև հիմա արել ենք պատվով և, համոզված եմ, նույն ոգով էլ շարունակելու ենք:
Արցախի ապահովությունը մեզ համար հեղինակության հարց չէ, այլ կյանքի և մահվան հարց՝ ամենաուղղակի իմաստով: Ամբողջ աշխարհը պետք է իմանա և գիտակցի, որ մենք՝ Հայաստանի և Արցախի ուժային կառույցները, կանգնած ենք մարդասպաններին աշխատավարձ վճարող բանակի դեմ, եթե ընդհանրապես նման խմբավորումն իրավունք ունի բանակ կոչվելու:
Մենք չենք անում ամբոխահաճ որևէ քայլ էժան միավորներ վաստակելու համար: Մենք պաշտպանում ենք մեր տանը ազատ ու հանգիստ ապրելու մեր իրավունքը: Անվերադարձ անցել են այն ժամանակները, երբ հայ ժողովուրդը ստիպված էր բարբարոսներից պաշտպանվել ինչով կարող էր: Այսօր, որպես կազմակերպված պետություն, մենք պաշպանվում ենք կարգապահ ու մարտունակ զորքով, ինչպես նաև արդիական սպառազինությամբ:
Մեր կեցվածքը մարմնավորում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ, ազատության հաղթանակը բռնության ու վայրենության հանդեպ:
Արցախահայությանը բնաջնջել խոստացողները և այդ մասին մինչև հիմա երազողները ուշացել են: Շատ են ուշացել: Նրանք ստիպված են իրենց հիվանդագին երազանքների իրականացումը հետաձգել առնվազն մի հազար տարով:
Սա փաստ է, բայց դրանից չի հետևում, թե մենք իրավունք ունենք գոնե մեկ վայրկյանով թուլացնել մեր զգոնությունը: Ճիշտ հակառակը՝ մեր ողջ պետական մեքենան աշխատելու է ավելի արդյունավետ:
Յուրաքանչյուր հասարակություն ունի իր ուժեղ և խոցելի կողմերը: Մեր հասարակությունը նույնպես ունի թույլ կողմեր, քանի դեռ չունենք իրավական պետության և ժողովրդավարության այն բարձր մակարդակը, որին ձգտում ենք: Այդ խոցերը, ինչպես հայելու մեջ, արտացոլվում են բոլոր բնագավառներում՝ մի տեղ ավել, մի տեղ պակաս չափով: Մենք պետք է ուժեղացնենք մեր թույլ կողմերը: Արդյունքում՝ և՛ ամբողջը, և՛ ամբողջի մաս կազմող ոլորտները կուժեղանան: Իմ կոչն է բոլոր պաշտոնյաներին՝ առանձնահատուկ լրջացում և կենտրոնացում: Տրամադրվենք ծանր աշխատանքի: Այդ դժվարին և պատասխանատու աշխատանքը փոխհատուցվելու է Հայաստանի առաջընթացով, ինչպես նաև մեր ժողովրդի անվտանգությամբ և կենսամակարդակի բարձրացմամբ: Մեր վարձը դա է լինելու: Ավելի մեծ ու շնորհակալ վաստակ ես չեմ պատկերացնում: