Հայաստանում գործող 3000 տաքսի ծառայություններից բարեխիղճ ծառայություն մատուցում են միայն 3-ը
Այսօր Հայաստանում գործող ավելի քան երեք հազար տաքսի ծառայություններից բարեխիղճ ծառայություն մատուցում են ընդամենը 3-ը, քանի որ միայն այդ 3-ն են Չափագիտության ազգային ինստիտուտում իրենց հաշվիչները ստուգաչափման ենթարկել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը:
Նրա խոսքերով` տեսչությունը թեժ գծով բազմաթիվ բողոքներ է ստանում տաքսիների հաշվիչի խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ Լ.Խալիկյանի, 6 կմ-ի դեպքում 500 կամ 600 դրամ սահմանած նվազագույն գումարը շատ հաճախ չի պահպանվում, քանի որ վերոնշյալ կիլոմետրի դեպքում հաշվիչներն իրենց ցուցմունքներն միանգամից փոխում են` գրանցելով 7 կմ-ին համարժեք գումար: Մյուս տարածված խախտումներից է, երբ տարբեր մեքենաների հաշվիչը նույն կիլոմետր տարածության համար 200-300 դրամ ավելի է ցույց տալիս:
Երևանցիների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ մեր համաքաղաքացիների մեծամասնությունն այնքան էլ գոհ չէ տաքսի-ծառայությունների գործունեությունից: Զրուցակիցներիցս մեկն ասաց, որ հաճախ է օգտվում տաքսիներից, բայց գրեթե բոլորն էլ սահմանված սակագնից ավելի գումար են վերցնում: «Սովորաբար 500-600 դրամը նախատեսված է 5 կմ-ի համար, սակայն մինիմալ ճանապարհի համար չգիտես ինչու վճարում եմ 700 դրամ, երբ վարորդներին ասում եմ` ինչո՞ւ եք խաբում, նրանք, բնականաբար արդարանում են` ասելով, որ ամեն ինչ ճիշտ է, կամ էլ` իրենք կապ չունեն, սերվիսի տերերն են անում»,- ասաց նա` հավելելով, որ այդպես ավելի հաճախ գործում են այն տաքսի-ծառայությունները, որոնք մինիմալի համար սահմանում են 500 դրամ:
30-ամյա Աննա էլ նշեց, որ պարբերաբար երթևեկում է տաքսիներով: «Իմ տանից մինչև աշխատավայր սովորաբար կազմում է 1100-1200 դրամ, բայց այդքան գումար կազմում է միայն այն դեպքում, երբ մեր թաղամասում գործող տաքսի-սերվիսից եմ օգտում: Երևի իրենց մշտական հաճախորդն եմ, դրա համար ավելի գումար չեն ուզում: Մի օր էլ աշխատանքից վերադարձա մայրաքաղաքում հայտնի տաքսի-ծառայության մեքենայով. գումարը կազմեց 1500 դրամ: Հարցիս, թե ինչո՞ւ այդքան շատ, վարորդը պատասխանեց, որ ինչ գրված է` ճիշտ է: Ես իրեն ասեցի, որ երբեք իրենց սերվիսից չեմ օգտվի, ծանոթներիս էլ կասեմ` չօգտվեն»,- նշեց Աննան:
Հարցման ընթացքում փորձեցինք նաև պարզել, թե Ամանորի օրերին արդյոք տաքսի-ծառայությունները բարձրացրել են իրենց սակագները, մի քանի տաքսի ծառայություններից հայտնեցին, որ թեև պատվերները շատ են եղել, այդուհանդերձ գների բարձրացում չի եղել: Սակայն քաղաքացիներից ոմանք պնդեցին, որ բարձրացում իրականում եղել է: «Չգիտեմ տաքսի-ծառայությունները գիտեն, թե ոչ, բայց տոնական օրերին ավելի շատ եմ վճարել, քան սովորական օրերին»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենը` հավելելով, որ տաքսու վարորդների մոտ մի շատ վատ սովորություն է ձևավորվել. «Նրանք երբեք մանր չեն ունենում, կամ էլ այնքան երկար են մանրը փնտրում, որ ստիպված ասում ես` պետք չի»:
Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի խոսքերով` միայն 2012թ-ին տեսչության կողմից ստուգվել է 50 տաքսի-ծառայություն, որոնց հաշվիչները ստուգաչափված չեն եղել: Ըստ Լ.Խալիկյանի` կազմվել է տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Այդուհանդերձ, Լ.Խալիկյանը նշեց, որ հայտնի չէ, թե երբ իրավիճակը կշտկվի, քանի որ Չափագիտության ազգային ինստիտուտում հաշվիչների չափագրումը դեռ պարտադիր չէ: Սակայն նա վստահեցրեց, որ իրենք ավելի խիստ են լինելու: «Մենք տուգանքներ ենք նշանակում այն սերվիսներին, որոնց հաշվիչները ստուգաչափված չեն, և եթե պարզվի, որ տուգանվելուց հետո էլ հաշվիչները չեն ստուգվել, նրանց գործունեությունը կկասեցվի»,- նշեց Լ.Խալիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները