Ա.Բախշյանին ուղղված հերթական նամակը. «Թեստը ստեղծված է գիտելիքներս ստուգելու, թե ինձնից միավոր խլելու համար»
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հերթական դիմորդի Աիդա Գևորգյանի նամակն է հրապարակել facebook-յան իր էջում, որում դարձյալ անդրադարձ կա շտեմարանների խնդրին. «Ես դիմորդ եմ, պարապում եմ կրկնուսույցի մոտ 2012թ-ի շտեմարանով: Ես և ուսուցիչս խճճվել ենք. Օրինակ, ոչ մի դասագրքում, ոչ մի ուսումնական ձեռնարկում հստակ բացատրված չեն միջակետի գործածության դեպքերը, շատ անգամ վիճելի է ստորակետի և միջակետի հարցը: Օրինակ, 7-րդ գլխի 10-րդ վարժության մեջ պահանջվում է ստորակետերով տրոհել տեքստը, ընդ որում «առանց» կապով բառակապակցությունը պահանջում է տրոհել ստորակետով այն դեպքում, երբ ուսուցիչս ինձ սովորեցրել է, որ այն կարելի է կետադրել ստրակետով կամ բութով` հիմք համարելով 2012թ-ի Մեյթիխանյանի 8-րդ դասարանի դասագիրքը:
Ուղղագրություն և իմաստաբանություն բաժիններում կան բազմաթիվ բարբառային և «նավթալինոտ» բառեր, որոնք, կարծում եմ` ոչնչով չեն օգնի իմ` ավելի լավ շուկայագետ դառնալուն: Նույնիսկ Սուքիասյանի հոմանիշների բառարանն անգիր իմանալու դեպքում ոչ ոք չի կարող հաղթահարել այս բաժինը (օրինակ` արխալուղ, բարեմույն բառերը չկան բառարանում ), իսկ թեստում հոմանիշ չեն դիտվել հոմանիշների բառարանում ներառվածները և հակառակը (օրինակ` բնաբան և բնագիր, ադամ և ասուն):
Իմաստաբանության բաժնում շատ բառերի բացատրությունները չեն համընկնում ակադեմիական բառարանի բացատրություններին (օրինակ ` անդրենածին-բնիկ, արձանագրություն-մահարձանի վրա կատարվող հիշատակություն):
Իմաստաբանության բաժնում ինձնից պահանջում են գտնել բառագործածության սխալները, իսկ նախադասություններում կան խնդրառական սխալներ. չգիտեմ` փորձում են ինձ շփոթեցնել, թե պահանջն է սխալ (էջ34 154,155):
Ուղղագրության բաժնում հապավումներ կան, որոնք դեռևս չեմ գտել որևէ դասագրքում:
Գրականության բաժնում կան մանրամասներ ճշտող հարցեր, որոնք չեն պարզում մեր կարդացածության մակարդակն ու պետք են միայն մասնագետներին:
Ի վերջո, թեստը ստեղծված է գիտելիքներս ստուգելու, թե՞ ինձնից միավոր խլելու համար»,- հարց է բարձրացրել դիմորդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա