Վրաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Փանջիկիձեի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների տեսագրությունը
Վրաստանի արտգործնախարարությունը պարզաբանումներ է տվել ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի Լիտվայի խորհրդարանում արված հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերվել են Լեռնային Ղարաբաղին:
Այս մասին տեղեկացնում է «apsny.ge» կայքը:
«2013 թ-ի հունվարի 10-ին Լիտվայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ելույթ է ունեցել Լիտվայի խորհրդարանի Եվրոպական ակումբում «Վրաստանի քաղաքականությունը ընտրություններից հետո» թեմայով: Ցավոք, որոշ լրատվամիջոցներ սխալ են մեկնաբանել նախարարի ելույթից հետո ծավալված քննարկումը: Առկա է նշյալ հայնդիպման տեսագրությունը (http://www.eib.lrs.lt/), որտեղ նախարարը հստակորեն ձևակերպել է իր վերաբերմունքը հարևան պետությունների նկատմամբ: Տեսագրությունը հաստատում է, որ որևէ հիմքեր չկան նախարարի խոսքերի մեկնաբանության համար: Շահագրգիռ հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու տվյալ հանդիպման տեսագրության հետ՝ զերծ մնալով նախարարի խոսքերի մեկնաբանություններից», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե հունվարի 10-ին Լիտվայի խորհրդարանում կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Մայա Փանջիկիձեն իբր հայտարարել էր, թե «ԼՂ հակամարտությունը պիտի լուծում գտնի միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»:
Վրացական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ նշյալ հայտարարության պատճառով ԱԳ նախարարը նկատողություն է ստացել վարչապետ Իվանիշվիլիից, հատկապես հաշվի առնելով հունվարի 17-ին Վրաստանի կառավարության ղեկավարի նախանշված այցը Հայաստան, որը, ինչպես նշվում էր, հնարավոր էր, նույնիսկ չեղյալ համարվեր:
Նախօրեին Իվանիշվիլին հրաժարվել էր մեկնաբանություններ տալ, առաջարկելով սպասել Մայա Փանջիկիձեի պարզաբանմանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից հետո Վրաստանի ԱԳՆ-ից լրատվամիջոցներին պարզաբանել էին, թե քննարկման ընթացքում Վրաստանի արտգործանախարարը պատասխանելով հարցին, նշել էր, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևէ կերպ չի կապել Լեռնային Ղարաբաղի հետ և որևէ կերպ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը:
Նախորդող` Ադրբեջանական լրատվամիջոցներն այս անգամ աղավաղել են Վրաստանի ԱԳ նախարարի խոսքը