ԲՀԿ-ն հավաքել է նվիրած տրակտորները
«Ժամանակ»-ի տեղեկություններով` ԲՀԿ-ն համայնքների մեծ մասից հավաքել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ բաժանած տրակտորները: Ընդհանրապես ԲՀԿ-ն այդ նախընտրական տրակտորները քարոզչության էր «գործուղում» հիմնականում այն համայնքներ, որտեղ թեկնածու էր առաջադրում: Ավելի շուտ ԲՀԿ-ն այդ տրակտորները ներկայացնում էր որպես բարեգործություն, նվիրատվություն համայնքներին: Թերթը նկատում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ տրակտորները «մասնակցեցին» ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին և մեծ մասամբ նորից ետ տարվեցին: Առաջիկայում սպասվում են միայն ՀՀ նախագահի և քաղաքապետի ընտրությունները: Հայտնի է, որ ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չի առաջադրել և չի պաշտպանելու որևէ թեկնածուի: Այսինքն` այս ընտրություններում տրակտորների քարոզչական աջակցության կարիք չկա: Երևանի քաղաքապետի ընտրություններին էլ գյուղատնտեսական տրակտորների քարոզչական առաքելությունը նշանակություն չի ունենա, որովհետև ՀՀ մայրաքաղաքում հողագործությամբ զբաղվող տնտեսություն չկա: