Ի՞նչ է իրականում ասել Մայա Փանջիկիձեն (տեսագրություն)
Վրաստանի արտգործնախարարությունը պարզաբանումներ է տվել ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի Լիտվայի խորհրդարանում արված հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերվել են Լեռնային Ղարաբաղին:
Վրացական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ նշյալ հայտարարության պատճառով ԱԳ նախարարը նկատողություն է ստացել վարչապետ Իվանիշվիլիից, հատկապես հաշվի առնելով հունվարի 17-ին Վրաստանի կառավարության ղեկավարի նախանշված այցը Հայաստան, որը, ինչպես նշվում էր, չեղյալ հայտարարվելու եզրին էր: Նախօրեին Իվանիշվիլին հրաժարվել էր մեկնաբանություններ տալ, առաջարկելով սպասել Մայա Փանջիկիձեի պարզաբանմանը:
Panorama.am-ը ներկայացնում է տեսագրության այն հատվածների սղագրությունը, որում ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի մասին:
Սյուն տեսագրությունում Մայա Փանջիկիձեն երկու անգամ է անդրադառնում Հայաստանին և Ադրբեջանի հետ հարաբերություններին: Նախ՝ պատասխանելով Վրաստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերութունների վերաբերյալ հարցին, Փանիջկիձեն ասում է.
«Մեր տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի և Ադբեջանի հետ բավականին լավ վիճակում է: Վերջերս այցելեցինք Ադրբեջան, որը բավականին հաջող այցելություն էր, մասնավորապես էներգետիկայի ոլորտում առկա համագործակցության տեսակետից: Մեր երեք երկրներն էլ Արևելյան գործընկերության անդամներ են և այս ձևափում մենք սերտ համագործակցություն են ծավալել Եվրամիության հետ: Նախատեսում ենք ընդունել Արևելյան գործընկերության ոչ ֆորմալ հանդիպումը Թբիլիսիում սույն թվականի փետրվարին, որին մասնակցելու են թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները: Մենք փորձում ենք լավ բարեկամներ լինել երկու երկրների հետ էլ, զարգացնելով երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այնուհանդերձ, մենք չենք պատրաստվում կողմ դառնալ այլ քնարկումների, որոնք առկա են երկու պետությունների միջև: Թբիլիսին տարածաշրջանի համար լավ վայր է տարաբնույթ քննարկումների համար, մենք դա անում ենք, ինչպես օրինակ շրջական միջավայրի շուրջ քննարկումների հարցում, սակայն մենք քաղաքական երկխոսության մեջ չենք այդ երկրների հետ՝ նրանց միջև առկա խնդրի հարցում», - ասել է նախարարը:
Ավելի ուշ, Մայա Փանջիկիձեին հարց տալու հնարավորությունից օգտվում է Լիտվայում Ադրբեջանի դեսպանը:
Վերջինս, մասնավորապես, անդրադարձնալով Փանջիկիձեի պատասխանին, թե Վրաստանը լավ և հավասար հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, խնդրել է պարզաբանել լսարանի համար, թե ինչպիսի՞ն է, փոխվե՞լ է արդյոք Վրաստանի ներկայիս կառավարության դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ եք եթե հարցնում, ես չեմ կարծում, որ պետք է կրկնվեմ: Կան որոշ հարցեր, որոնք շատ բնական են ինձ համար և կարիք չկա կրկնելու: Ինչ ես ասացի այն է, որ մենք ներգրավված չենք Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա բանակցություններում, բայց այն, որ մենք սատարում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնաիշխանությունը, հայտարարել ենք բազմիցս»:
Տեսագրությունը հասանելի է այստեղ: Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ դիտարկումները դիտել սկսած 37:30-ից 39:10-ը, ինչպես նաև 01:05:10-ից 01:06:50-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան