Մշտադիտարկում. ԶԼՄ-ը ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն և բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել
Նախընտրական շրջանում ընդհանուր առմամբ Հայաստանի ԶԼՄ-ները քաղաքական ուժերի կամ Հայաստանի նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն և բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել: Նման եզրակացության եկել է Երևանի մամուլի ակումբը` ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում իրականացնելու ընթացքում: Մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012 թ. հոկտեմբերի 1 – դեկտեմբերի 15) լրագրողներին ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացվող մշտադիտարկումը «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում է արվում` ԵՄ-ի ֆինանսական օժանդակությամբ: Մշտադիտարկումն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլն ընդգրկում է այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահավածը, երկրորդ փուլն ընդգրկելու է պաշտոնական քարոզչության ժամանակահատվածը:
Հետազոտության օբյեկտ են 6 համազգային հեռուստաալիքներ` Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», մեկ մայրաքաղաքային հեռուստաալիք` «Արմնյուզ», նաև` Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
Մշտադիտարկման ընթացքում` հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում որպես նախագահի թեկնածու հիշատակվել են Հայաստանի 41 քաղաքացի:
Բ. Նավասարդյանն ասաց, որ այդ ընթացքում ձևավորված քաղաքական անորոշությունը բերել էր նրան, որ ԶԼՄ-ների կողմից հնարավոր թեկնածուներին հատկացված ուշադրության մեծ մասը բաժին է ընկել նրանց, ովքեր հետագայում չեն առաջադրվել: «Այն ութ թեկնածուները, որոնք առաջադրվել են, ստացել են ուշադրության ընդհանուր 40 տոկոսը, 60 տոկոսը վատնվել է այն գործիչների, քաղաքական ուժերի համար, որոնք որևէ դերակատարություն առայժմ չեն ունենում նախընտրական պայքարում: Դա իհարկե, չի ստեղծում բարենպաստ պայմաններ ընտրողների համար` կողմնորոշվել` ինչ անել ընտրությունների օրը»,- ասաց ԵՄԱ նախագահը:
Ուսումնասիրված ժամանակաշրջանում քաղաքական ուժերի ու հնարավոր թեկնածուների նկատմամբ ամենամեծ ուշադրությունը դրսևորել է «Արմնյուզ» հեռուսաալիքը, այնուհետև` «Արմռադիոն», «Երկիր մեդիա» ու «Կենտրոն» հեռուսաալիքները: Ամենաքիչը` «Շանթն» ու «Արմենիան»:
Հայաստանյան հեռարձակողների ուշադրության կենտրոնում են հայտնվել հինգ քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»:
Հետազոտման ողջ ժամանակահատվածում հնարավոր թեկնածուներից առավել հաճախ հիշատակվել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև` Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Սեդրակյանը, Պարույր Հայրիկյանը:
Թեկնածուների նկատմամբ ամենամեծ «չեզոքությունը», եթե դատելու լինեն այս կամ այն թեկնածուի կողմ / դեմ արտահայտությունների քանակով, դրսևորել են «Շանթ», «Հ1», «Արմենիա» հեռուսաալիքները:
«Եթե 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր գոհունակությունը լրատվամիջոցներին վերաբերում էր նախընտրական քարոզչության շրջանին, այս դեպքում մենք կարող ենք գոհունակության մասին խոսել նախընտրական քարոզչությունից առաջ ընկած ժամանակաշրջանում: Սա վկայում է այն մասին, որ միտումները դրական են»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Նախորդող նորություն՝ Նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներ ԶԼՄ-ներով հիշատակվել են 33 քաղաքական գործիչներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները