Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են Սիրիայի հարցը
Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Ռոքնաբադին հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Մենք միշտ կողմ ենք, որպեսզի խնդիրները լուծվեն երկխոսության ճանապարհով: Սիրիայում ևս պետք է խնդիրը լուծվի քաղաքական համաձայնության և երկխոսության ճանապարհով»:
Իրանի դեսպանն իր խոսքում, Արամ Առաջինին շնորհավորելով Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, նշել է. «Սիրիական ճգնաժամի լուծման առնչությամբ Իրանը ներկայացրել է առաջարկության փաթեթ. Այսօր քան երբևէ, անհրաժեշտ է, որպեսզի սիրիական ճգնաժամում ներգրավված կողմերը դիվանագիտական ճանապարհով հարթեն խնդիրները»: