Վլադիմիր Աբաջյան… Խոսքի մեծ ուժ, առինքնող արտաքին, հպարտ կեցվածք
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Վլադիմիր Աբաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին, Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում (Կոնդ): Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովից:
Նշենք, որ նախօրեին կայացել է հանձնաժողովի նիստը:
Հունվարի 15-ին, կյանքի 86-րդ տարում, վախճանվեց սիրված դերասան, ասմունքող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Վլադիմիր Համբարձումի Աբաջյանը:
Վ. Աբաջյանը ծնվել է 1927 թ. նոյեմբերի 27-ին, ՀՀ Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի «դերասանական» բաժինը: Նույն թվականից անցել է աշխատանքի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և մինչև կյանքի վերջը հավատարիմ կերպով ծառայել հարազատ թատրոնին ու հայ արվեստին: Նա իր հասակակից դերասանների հետ նոր շունչ ու թարմություն բերեց թատրոն՝ նոր թափ ու հմայք հաղորդելով ստեղծագործական կազմին ու գործունեությանը: Ռոմանտիկ խառնվածքով ու ըմբոստ հոգով կերպարների դերակատար եղավ Վ. Աբաջյանը, կերտելով մի շարք կենտրոնական դերեր` Սեյրան (Շիրվանզադեի «Նամուս»), Օսեփ (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Աբելյան (Հարությունյանի «Խաչմերուկ»), Սագադաև (Աբդուլինի «13-րդ նախագահը»), Նեզնամով («Անմեղ մեղավորներ»), Ալեքսանդր («Ժայռ») և այլն:
Վ. Աբաջյանը նկարահանվել է նաև հայկական կինոյում, ձայնագրվել տասնյակից ավելի ռադիոբեմադրություններում:
Վ. Աբաջյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը, որով հայտնի է դարձել հայ հանրությանը և մշտապես արժանացել համազգային սիրո և մասնագետների բարձր գնահատականին: Խոսքի մեծ ուժ, առինքնող արտաքին, հպարտ կեցվածք, բառն ու խոսքը երանգավորելու ու իմաստավորելու առանձնահատուկ շնորհ՝ ահա այն ոչ բոլոր գծերը, որ բնորոշում էին սիրված դերասանին ու ստեղծագործողին:
1984 թ. Վ. Աբաջյանը արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը: 1998 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:
Անվանի արվեստագետի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում, ինչպես նաև, հայ թատրոնի պատմության էջերում:
Նախորդող նորություններ` Տ.Սարգսյան. Վ. Աբաջյանի կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ
Մահացել է Վլադիմիր Աբաջյանը