Ա.Ռուստամյանը քվեաթերթիկին կգրի «բոլորին դեմ»
ԵԽԽՎ նախընտրական առաքելություն իրականացնող պատվիրակությունն այսօր Ազգային Ժողովում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման էպիկենտրոնում, բնականաբար, գալիք նախագահական ընտրություններն էին ու քաղաքական ազդեցություն ունեցող ուժերի տրամադրությունները: Panorama.am-ը զրուցեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանի հետ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից անմիջապես հետո:
-Պարոն Ռուստամյան, Դաշնակցությունը կարծես իր վերջնական խոսքն ասեց գալիք նախագահական ընտրությունների հետ կապված տարածված հայտարարության միջոցով: Սակայն չբացառեց նաև խաղաքարտերի վերադասավորումը` ըստ զարգացման: Այսօր փոփոխության հոտն առնո՞ւմ եք:
-Այո, մենք շատ հստակ ասել ենք հայտարարության մեջ, որ բացառում ենք գործող նախագահի պաշտպանությունը, իսկ Գերագույն մարմինը կոչով հանդես կգա ուղղված իր կառույցին ու համակիրներին: Դա կլինի նախընտրական այս ժամանակահատվածի ընթացքը տեսնելով ու ընտրապայքարը գնահատելով: Եվ դրանից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ, թե ընտրազանգվածն ինչ անի:
Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում ընտրություններին պետք է մասնակցել, բայց ինչպես քվեարկել` դա «հետո»-ի հարց է:
-Քիչ առաջ հանդիպեցիք ԵԽԽՎ նախընտրական առաքելություն իրականացնող պատվիրակության հետ: Ի՞նչ խնդիրներ են քննարկվել:
-Նախևառաջ բացատրեցինք, թե ինչո՞ւ մենք չառաջադրեցինք նախագահի թեկնածու` մատնանշելով, որ այն պայմաններում, որ Հայաստանում ընտրություններ են անցկացվում, դրանք ընտրություն կոչվել չեն կարող: Եվ հիմնավորեցինք, թե ինչու է դա այդպես մեր տեսակետներով` բերելով որոշակի փաստեր, պարզաբանումներ և վերլուծություններ կապված անցած ընտրությունների, ապագայի ակնկալիքների հետ և այլն:
-Պարոն Ռուստամյան, վերադառնալով ՀՅԴ որոշմանը. Ի՞նչ եք կարծում, դիտարկելով նախագահի թեկնածուներին, ո՞ւմ կողմը կթեքվի Դաշնակցության ընտրազանգվածը:
-Չեմ կարծում, որ որևէ մեկի կողմը թեքվի… Անձամբ ես շատ հավանական է, որ որևէ մեկի օգտին չքվեարկեմ: Դժբախտաբար չկա «բոլորին դեմ» քվեարկության հնարավորությունը…
-Այսինքն չե՞ք գնա ընտրության:
-Անպայման կգնամ, բայց երևի հենց քվեաթերթիկի վրա էլ գրեմ, օրինակ, «բոլորին դեմ»:
-Որոշ վերլուծաբաններ մատնանշում են, որ թեկնածուներից կարծես Հրանտ Բագրատյանի տեսակետներն ու մոտեցումներն են մոտ Դաշնակցությանը: Դու նման զուգահեռներ տեսնո՞ւմ եք:
-Դեռ վաղ է ասել, թող զարգացումները լինեն` կերևա:
-Բայց Դաշնակցությունը քննարկումներ, հանդիպումներ Հ.Բագրատյանի հետ ունեցե՞լ է:
-Ոչ:
-Իսկ այլ թեկնածուների հե՞տ:
-Ոչ, որևէ թեկնածուի հետ քննարկում ու հանդիպում չի եղել: