Օտարերկրյա գործարարները խուսափում են Ադրբեջանում ներդրումներ կատարելուց
Կոպենհագենում գործող Գլոբալ խորհրդակցական ցանցի բիզնես-հակակոռուպցիոն պորտալում հրապարակվել է Ադրբեջանում վերջին տարիների տնտեսական-քաղաքական իրավիճակի մասին զեկույց, որում խոսվում է այն մասին, որ իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիևի ղեկավարման շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները կեղծվել են: Զեկույցում նշվում է, որ միջազգային կազմակերպությունները կրտսեր Ալիևի ժամանակաշրջանում անցկացված բոլոր ընտրությունները բացասական են գնահատել՝ հայտարարելով, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանել միջազգային չափանիշներին:
Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
«Իրականում, Ադրբեջանում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար չի տարվում: Անգամ բանը հասել է նրան, որ օտարերկրյա գործարարները խուսափում են ներդրումներ կատարել Ադրբեջանում: Դրան խոչընդոտում են մոնոպոլիստները, ովքեր հիմնականում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ են: Ադրբեջանում պետական կառույց հանդիսացող ձեռնարկությունները ղեկավարվում են մասնավոր ընկերությունների նման, իսկ տնտեսության հիմնական մասը կոռումպացված վերնախավի ձեռքերում է: Այսպես, «Պետական նավթային ընկերությունն» ու «Ադրբեջանական ավիաուղիները» թույլ չեն տալիս օտարերկրյա կազմակերպություններին մտնել այս ոլորտ»,- ասվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները շեշտում են, որ կոռուպցիան Ադրբեջանում բիզնեսի զարգացման գլխավոր խոչընդոտն է դարձել:
«Ադրբեջանում կոռուպցիան ամենուրեք է` սկսած դատական համակարգից մինչև վերջին պետական կառույցը: Դատական համակարգը գործում է նախագահի աշխատակազմի և արդարադատության նախարարության ցուցումներով: Կոռուպցիան լայնորեն տարածված է նաև ոստիկանական համակարգում: Կոռումպացված է նաև մաքսային ոլորտը: Այս երկրում տենդերների մասին օրենքը չի գործում: Եթե նույնիսկ տենդերներ հայտարարվում են, ապա դրանք շահում են նախարարներին և այլ բարձրաստիճան անձանց պատկանող ընկերությունները: Ադրբեջանում նավթային եկամուտների հաշվին իրագործվող նախագծերում թափանցիկությունն իսպառ բացակայում է, ինչի պատճառով մեծ յուրացումներ են արվում»,- նշվում է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա