Փորձագետ. Ադրբեջանի քաղաքականությունը կարող է անվերահսկելի իրավիճակ ստեղծել
«Ադրբեջանն իր ռազմական ծախսերի ավելացման ոչ միայն սպառնալիք է ստեղծում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլ կասպից ծովի տարածաշրջանում»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ 700 մլն դոլարով ավելացվել է (ներկայումս 3.7 մլրդ է), ասաց քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից ներկրվող սպառազինության և տեխնիկայի ցանկն ուսումնասիրելիս նկատելի է դառնում, որ Ադրբեջանի ռազմական բյուջեում մեծացել է նաև ռազմա-ծովային ուժերին հատկացվող գումարները, ինչը նշանակում է, որ այդ երկիրը լուրջ դիրքային պայքար է սկսել նաև Կասպից ծովի ավազանի երկրների հետ (հիմնականում Իրանի և Թուրքմենստանի հետ):
«Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը մեծ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության ու կայունությանը, ինչն անշուշտ բացասական ազդեցություն է կունենա նաև բանակցային գործընթացի վրա: Ադրբեջանի նախագահի սպառնալիքներն ու ռազմական ծախսերի աճը ցույց են տալիս, որ այդ երկրում լրջորեն պատրաստվում են պատերազմին: Այս միտումները ցույց են տալիս, որ այդ երկրի կողմից իրականացվող արկածախնդրությունը կարող է իրավիճակը դարձնել անվերահսկելի»,- նշեց Տ Աբրահամյանը:
Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է Հայաստանի պատասխան քայլը, փորձագետը նշեց. «Մեր երկրի անվտանգության երաշխավորը մեր բանակն է ու Հայաստանն ամեն ինչ պետք է անի անընդհատ բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը: Պատահական չէ, որ Հայաստանը ոչ միայն ժամանակակից ռազմական տեխնիկա է ներկրում, այլ զարկ է տրվում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը»:
Հարցին, թե այդ դեպքում, ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության արձագանքը վերոնշյալ զարգացումներին, Տ. Աբրահամյանը նշեց. «Միջազգային հանրությունն ու ուժային կենտրոնները պետք է ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ կտրուկ ավելացնեն, ինչը կարող է դրսևորվել ինչպես տարբեր զեկույցներում Ադրբեջանին ուղղված կոշտ քննադատությամբ, այլ այդ երկրին սպառազինության և ռազմական տեխնիկայի վաճառքի սահմանափակմամբ»:
Նրա խոսքերով, երբ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, թե իր համար ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ տարբերակը խաղաղ բանակցությունների ճանապարհն է, դա չի նշանակում, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի կամ որպես երկրորդ տարբերակ չի դիտարկում դրան դիմագրելու ուղիները:
«Պատահական չէր ՀՀ նախագահի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած այն միտքը, թե ՀՀ զինված ուժերը չեն զբաղվելու հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, քանի որ ունակ են լինելու իրենց շարժունակությամբ և մարտունակությամբ անվտանգություն սփռել մեր տարածաշրջանում: Սա նաև ցույց է տալիս, որ հայկական ուժերի մարտունակությունը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում պատերազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք և վերջնական խաղաղություն պարտադրել»,- եզրափակեց Տ. Աբրահամյանը: