Վրաստանի վարչապետ. Հանդիպումն անցավ այնքան ջերմ, կարծես մենք մանկուց ճանաչում էինք իրար
«Շատ ջերմ հանդիպում տեղի ունեցավ»: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին` Հայաստանի ու Վրաստանի կառավարության ղեկավարների առանձին հանդիպումից հետո:
Ի դեպ, սա Վրաստանի վարչապետի այս տարվա առաջին օտարերկրյա այցն է:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տ. Սարգսյանին, մեր զրույցն այնպես էր, կարծես մենք միմյանց ճանաչում էինք մանկուց: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, քննարկվել է տնտեսական շուկան զարգացնելու հարցը: Մենք առավելագույն ձևով պատրաստ ենք մեր հարաբերությունները զարգացնել»,- ասաց նա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ առաջին հանդիպումը ջերմ որակեց: Շնորհակալություն հայտնեց գործընկերոջը նման մոտեցումների համար:«Մենք արձանագրեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա մի հարց, որը հնարավոր չէ լուծել քննարկումների արդյունքում»,-ասաց Տ. Սարգսյանը, նշելով, որ հայկական կողմի բոլոր խնդրանքներին դրական է արձագանքել:
Այսօր արդեն կողմերը երկու հուշագիր են ստորագրել՝ մշակութային ու մաքսային ոլորտներում համագործակցության մասին: Կառավարությունների ղեկավարները հույս ունեն, որ դրանց թիվն առաջիկայում կավելանա:
Հիշեցնենք, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի կեսերին վարչապետի պաշտոնում իր առաջին այցը կատարել էր Բրյուսել: Այնուհետև, դեկտեմբերի 26-ին Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան: Դրանից առաջ վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, թե 2013 թ-ին Իվանիշվիլիի արտերկրյա առաջին այցելությունը լինելու է Հայաստան, այնուհետև՝ Թուրքիա: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներ կատարելիք այցին, որն, ի դեպ ավելի վաղ հայտարարվել էր, թե լինելու է վարչապետի առաջին այցելության վայրը, հետաձգվել է մինչ գարուն:
Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում: