«Փետրվարի 18-ը կլինի ոչ թե գործող նախագահի հաղթանակը, այլ երդմնակալությունը»
«2013 թվականի նախագահական ընտրությունները լինելու են հետաքրքիր ոչ թե նրանով, թե ով է հաղթելու, այլ՝ ինչ արդյունքներ կունենան», - այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Կարեն Քոչարյանը: Ըստ բանախոսի՝ փետրվարի 18-ից հետո կսկսվի լուրջ մրցապայքար՝ հենց իշխանության ներսում, թե որ ճամբարը՝ օլիգարխիկ կամ քաղաքական, արտաքին քաղաքականության որ ուղղությունը՝ եվրոպական, թե եվրասիական կընտրի Հայաստանը, ինչ նոր ընդդիմությունն ի հայտ կգա:
«Հենց ընտրություններից հետո քաղաքական ամբողջ դաշտում գնալու է լուրջ պայքար՝ թե քաղաքական, թե տնտեսական, և թե այլ ոլորտներում ոչ միայն տեղերի և դիրքերի վերաբաշխման, այլ նաև՝ ազդեցությունների», - ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ նման քաղաքական իրավիճակ երկրում ստեղծեց հենց հայաստանյան ընդդիմությունը, և ընտրություններից հետո մեծ դժվարությամբ այն նորից կարող է դուրս գալ փողոց, մանավանդ, որ չմասնակցելով՝ արդեն իսկ հաղթանակը նվիրեց գործող նախագահին:
«Փետրվարի 18-ը կլինի ոչ թե գործող նախագահի հաղթանակը, այլ՝ փաստացի, երդմնակալությունը», - ասաց նա: Ըստ բանախոսի՝ ընտրությունների արդյունքում երկրորդը կարող է լինել կամ «Ժառանգություն» կուսակցության Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Հրանտ Բագրատյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ թե ընտրական գործընթացի և թե արդյունքների վրա որևէ կերպ դեռ չեն կարող ազդել քաղաքացիական նախաձեռնությունները: «Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունը դեռ ձևավորվում է, ֆեսյբուքի շնորհիվ: Մենք տեսանք դրա սաղմնավորման դրսևորումները Մաշտոցի պուրակում, Թեղուտում և Թռչկանում, բայց ունենք այն, ինչ ունենք՝ դրանք նախաձեռնություններ են հարց լուծելու համար, սակայն դեռ լոկալ մասշտաբով: Քվեաթերթիկներ փչացնելը որևէ նոր արդյունքի չի բերի, բայց արդեն քայլ է», - ասաց նա՝ անդրադառնալով քվեաթերթիկներն անվավեր դարձնելու՝ որոշ քաղաքացիական նախաձեռնությունների կոչերին:
Բանախոսի կարծիքով՝ ընտրություններից հետո պետք է վերջնականապես կողմնորոշվի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «ԲՀԿ-ն պետք է միանա կոալիցիային, քանի որ որպես ընդդիմություն նա հանրության մոտ չի ընկալվում, հակառակ դեպքում կկորցնի և իր ընտրազանգվածն ու անդամներին, մանավանդ, որ որոշակի զանգված միացավ կուսակցությանը կամ համակրեց որպես ՀՀԿ-ին այլընտրանք: Եթե ԲՀԿ-ն քայլեր չանի, դա կբերի վերջինսի կազմալուծմանը», - նշեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան