ԵԽԽՎ. Ընտրություններին հիմնական կուսակցությունների չմասնակցելը ցավալի իրավիճակ է առաջացրել Հայաստանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական առաքելություն իրականացնող պատվիրակությունը ողջունում է միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը: Այդ մասին այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ նախընտրական առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակության ղեկավար Քերեն Ուոլդսեթը (K. Woldseth):
Այսքանով հանդերձ ԵԽԽՎ պատվիրակությունը որոշ մտահոգություններ արձանագրել է: Մասնավորապես, պատվիրակության համար հիմնական մտահոգության առարկա է ընտրացուցակներում առկա «էական անճշտությունները, քանզի ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է»: «Դեռևս հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում:
Պատվիրակությունը հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել», -հայտարարեց պատվիրակության ղեկավարը:
Մյուս մտահոգությունը, որ արտահայտեց ԵԽԽՎ պատվիրակությունը վերաբերում էր հանրության շրջանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությանը:
«Քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ոչ բավարար հետաքրքրվածություն, ոչ էլ վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ: Դա լուրջ մտահոգության առարկա է, հատկապես հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր թեկնածուների առաջադրում, որոշել են դա չանել ընտրությունների ընթացքի նկատմամբ իրենց վստահության պակասի պատճառով: Այդ որոշումը սահմանափակել է քվեարկողների ընտրությունը` բերելով առավել ցավալի իրավիճակի, քանզի առաջիկա ընտրությունները արդեն իսկ ստվերված են համընդհանուր անտարբերությամբ և անվստահությամբ: Պետք է վերականգնել քաղաքացիների վստահությունը, քանի որ պատշաճ ընտրություններն էական են ժողովրդավարական զարգացման համար», -հայտարարում է ԵԽԽՎ պատվիրակությունը:
ԵԽԽՎ պատվիրակությունը հույս է հայտնում, որ 2012-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած վատ դեպքերը, մասնավորապես ընտրողների նկատմամբսպառնալիքների դեպքերը և վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործումը, այս ընտրություններում չեն կրկնվի:
Պատվիրակությունը միաժամանակ, ողջունում է «մամուլի ազատության աճը և հուսով է, որ գրանցված թեկնածուները կսկսեն ընտրարշավը հիմնվելով քաղաքական ծրագրերի վրա և որ հանրային բանավեճը առավել կկենտրոնանա բովանդակության վրա, որպեսզի ընտրազանգվածը առավել տեղեկացված ընտրություն կկատարի»:
Նշենք, որ 22 անդամից բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունը Երևան կժամանի փետրվարի կեսերին ընտրական դիտարկման համար: ԵԽԽՎ պատվիրակությունը իր դիտողություններն ու հանձնարարականները կներկայացնի ԵԽ խորհրդարանական վեհաժողովին ապրիլյան նստաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները