Իվանիշվիլի. Կանենք այնպես, որ վիրահայերն իրենց զգան ինչպես հայրենիքում
Երևանում գտնվող Վրաստանի վարչապետից հայ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հայ համայնքը Վրաստանի կառավարությունից, քանի որ Վրաստանում ապրող բազմաթիվ հայերի մեծ մասը քվեարկել է «Վրացական երազանք»-ի և նրա նախընտրական ծրագրի օգտին, իսկ նախընտրական շրջանում էլ գործող վարչապետը խոստումներ է տվել հայ համայնքին:
Ի պատասխան Իվանիշվիլին նշեց, որ բազում հայ ընկերներ ունի Վրաստանում ու դրա սահմաններից դուրս: «Ես լսեցի հետաքրքրիր առաջարկներ հայության կողմից»,-ասաց վարչապետը, ավելացնելով, որ գնդակն իրենց դաշտում է` «մենք պետք է ամեն ինչ անենք, որ հայերի սպասելիքները արդարանան, մի բան էլ ավելի»:
«Վրաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որ հայությունը Վրաստանում իրեն զգա ինչպես իր հայրենիքում: Կանեմ այն, ինչ խոստացել եմ նախընտրական ծրագրում»,-ասաց Վրաստանի վարչապետը:
Հիշեցնենք, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի կեսերին վարչապետի պաշտոնում իր առաջին այցը կատարել էր Բրյուսել: Այնուհետև, դեկտեմբերի 26-ին Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան: Դրանից առաջ վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, թե 2013 թ-ին Իվանիշվիլիի արտերկրյա առաջին այցելությունը լինելու է Հայաստան, այնուհետև՝ Թուրքիա: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներ կատարելիք այցին, որն, ի դեպ ավելի վաղ հայտարարվել էր, թե լինելու է վարչապետի առաջին այցելության վայրը, հետաձգվել է մինչ գարուն:
Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները