Թաթուլ Մանասերյան. «Վերջապես կազմվել է ծրագրային բյուջե»
«Վերջապես իրականություն է դարձել այն, ինչի մասին խոսվում էր տարիներ շարունակ. կազմվել է ծրագրային բյուջե, որը սկզբունքորեն բացառում է գործառույթներում կամայական մոտեցումները՝ ի տարբերություն նախորդ բյուջեների»,- ընթացիկ տարվա բյուջեի վերաբերյալ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետի համոզմամբ, թեև առաջընթաց նկատվում է, սակայն 2013-ի բյուջեն բավարար չափով չի ներառում բոլոր այն հնարավորությունները, տնտեսական ներուժը և ռեսուրսները, որոնք խիստ կարևոր են վերջինիս համար։
Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի բարձրացման փաստին Մանասերյանը նշեց, որ դեռևս չի գործում այն օրենքը, որի համաձայն կենսապահովման զամբյուղի հաշվարկը պետք է դրվի նվազագույն աշխատավարձի հիմքում։ Նրա համոզմամբ, կա հնարավորություն՝ նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 56-58 հազար դրամ, ինչը կարող է, նաև 2013-ի սպառողական գների ինդեքսի աճը հաշվի առնելով, զրոյական մակարդակի բերել գոնե կենսապահովման զամբյուղի հետ հակասությունը:
Տնտեսագետը մեծ ձեռքբերում է համարում արդյունաբերության ռազմավարության ընդունումը։
«Ես ոգևորված եմ, որ վերջապես պաշտոնապես ընդունվեց արդյունաբերության ռազմավարությունը, որի ուղղությամբ ժամանակին, իհարկե, լուրջ քայլեր արվել էին: Անհրաժեշտ է նաև հստակեցնել հիմնավորումները, այն չափորոշիչները, որոնցով ճշտվել են մրցակցային առավելությունները և կազմվել է առաջնահերթությունների հայեցակարգը»:
Թաթուլ Մանասերյանի փոխանցմամբ, տնտեսության զարգացման խթաններից մեկը եղել և մնում է ճիշտ իրականացված մրցակցային քաղաքականությունը։
«Մրցակցության իրականացումն ապահովում է աշխատանքի արդյունավետություն, ուրեմն բարձր արտադրողականություն և բարձր վարձք: Պետական համակարգում խնդրի կարգավորումը կարող է կապվել աշխատողների թվի օպտիմալացման հետ»,- նշում է տնտեսագետը։