Այսօր ԿԸՀ-ն երկու նիստ կգումարի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա ընթացքում երկու նիստ կգումարի` մեկը հերթական, մյուսը` արտահերթ:
ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջին` հերթական նիստի օրակարգում երեք հարցի քննարկում է նախատեսված. նախագահի երեք թեկնածուների` Արման Մելիքյանի, Անդրիաս Ղուկասյանի և առաջադրված, այնուհետ ընտրապայքարից հրաժարված թեկնածու Ռուբեն Այվազյանի դիմումները:
Հիշեցնենք, որ գրանցված թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ նախագահից պահանջել էր մինչև քարոզարշավի մեկնարկը` հունվարի 21-ը անվավեր համարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը, հակառակ դեպքում սպառնում է անժամկետ հացադուլ հայտարարել:
Իսկ գրանցված թեկնածու Արման Մելիքյանը ԿԸՀ նխագահին հորդորում է առաջիկա ընտրություններին ընտրողների թվի վերաբերյալ ցանկացած կասկած կանխելու նպատակով հրապարակել ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, ՀՀ-ից հեռացած քաղաքացիների, ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալներ:
Հաջորդ արտահերթ նիստում ԿԸՀ-ն կքննարկի առաջադրման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած Ռոբերտ Սիմոնյանի դիմումը: Բոլոր հարցերով զեկուցողը հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է: