Իրանի նախկին ԱԳ նախարարից, Թեհրանի քաղաքապետից և Մեջլիսի նախկին նախագահից միայն մեկը կառաջադրվի նախագահական ընտրություններին
«Պահպանողականների եռակողմ կոլացիա»-ն կորոշի, թե որ անդամը կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ ,տեղեկացրել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին:
«Պահպանողականների եռակողմ կոլացիա»-ի անդամ Վելայաթին, անդրադառնալով առաջիկայում Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին իր հնարավոր առաջադրմանը, մասնավորապես նշել է. «Կոալիցիայի անդամներով պայմանավորվել ենք ջանքեր գործադրել պահպանողականներին միավորելու գործում: Կոալիցիայի անդամ մեր մյուս երկու գործընկերների՝ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի և Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, հետ պայմանավորվել ենք, որ մեզանից մեկն ընտրվի և որպես թեկնածու առաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններին»:
Հիշեցնենք, որ Իրանի գլխավոր դատախազ Հոսեյն Մոհսենի Էժեյին, նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 2009թ. Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավիի և Մեհդի Քյարուբիի՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար իրավասություն ունենալու մասին հարցին, մասնավորապես. նշել է. «Թեկնածուների իրավասություն ունենալը նրանց մեղավոր լինել կամ չլինելու հետ որևէ կապ չունի. Այնպես չէ, որ թեկնածուն ընտրություններին մասնակցելու համար իրավասություն ստանալիս պետք է դատապարտված չլինի: Մուսավին և Քյարուբին այն մարդիկ են, ովքեր ժողովրդի և պետական համակարգի նկատմամբ ոտնձգություն են իրականացրել, ուստի եթե նրանք չզղջան, ապա նախագահական ընտրություններին մասնակցելու համար իրավասություն չեն ունենա»:
Իսկ ինչ վերաբերում է բարեփոխական թևի ներկայացուցիչ, ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիին (1997-2005թթ.), ապա նա վերջերս հայտարարել է, որ եթե Իրանի իշխանությունները բարեփոխականներին համագումար անցկացնելու թույլտվություն տան, ապա դա դրական ազդակ կլինի, որպեսզի բարեփոխականները մասնակցեն առաջիկա նախագահական ընտրություններին:
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին: Հավանական թեկնածուներ են համարվում «Պահպանողականների եռակողմ կոալիցիա»-ի անդամներ՝ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ինչպես նաև Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին, ԻԻՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, (Մ. Ահմադինեժադի խնամի) Էսֆանդիար Ռահիմ Մաշային:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում