ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը մոնիթորինգի կենթարկվի մասնավոր հատվածի կողմից
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2013թ. սկզբից ձեռնամուխ է եղել «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի իրականացմանը: Ծրագրի նպատակն է վեր հանել ՏՀՏ ոլորտում 2008-2018թթ. պլանավորված և մինչ օրս իրականացվող ծրագրերը և աշխատանքները, բացահայտել դրանց իրականացման արդյունավետություն, ինչպես նաև հանրային ակտիվ իրազեկման միջոցով ապահովել հասարակության, ՏՀՏ ոլորտի ընկերությունների մշտական ուշադրությունն ու անմիջական ներգրավվածությունը ոլորտում կատարվող ծրագրերի և դրանց արդյունավետության գնահատման նկատմամբ:
Այսօրվա ասուլիսում այս մասին հայտարարեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
2013 թվականը հանդիսանում է միջանկյալ փուլ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի համար, այդ իսկ պատճառով է ծրագիրն իրականացվում այժմ:
«Ներկայումս լուրջ արդյունքներ են արձանագրվել հայեցակարգային որոշ նպատակների իրականացման գործընթացում: Սակայն հայեցակարգում ընդգրկված են խնդիրներ, որոնց լուծման համար կիրառվող ուղղությունները և կատարման մեթոդները, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման տենդենցները, այլևս արդի չեն: Անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել այս խնդիրները և վեր հանել դրանց լուծման համար կիրառվող մրցակցային ուղղությունները»,- ԻՏՁՄ մամուլի ծառայության փոխանցմամբ, նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Մեր կարծիքով, հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացումները, խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ապահովել մասնավոր հատվածի ներգրավումը, հասարակություն-պետություն համագործակցության հետագա ամրապնդումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է մոնիթորինգի ենթարկել ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, քանի որ այս հայեցակարգում են պարփակված այն բոլոր ռազմավարական ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի առաջընթաց զարգացման համար»,- ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի տևողությունն է 7 ամիս: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան