Ջրամատակարարման հիմնախնդիրները` Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ջրամատակարարման հիմնախնդիրներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահ Սահակյանը ջրամատակարարումը, ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը և պահպանումը համարել է ռազմավարական այն ուղղությունը, որն առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին և հանդիսանում է երկրի անվտանգության առանցքային բաղադրամասերից մեկը:
Անդրադառնալով ոլորտում իրականացվելիք աշխատանքներին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի համալիր ծրագիր, որն օբյեկտիվորեն և ճշգրիտ կերպով կարտացոլի ներկա իրավիճակը, հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրները, և միաժամանակ, կնախանշի դրանց լուծման ուղիները:
Նախագահը նշել է, որ լուծումների հիմքում պետք է ընկած լինեն առողջ տրամաբանությունն ու առաջնահերթությունները, որոնք հնարավորություն կտան համալիր կերպով բարելավել առկա իրավիճակը և կայուն հիմքեր ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Ըստ աղբյուրի, երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: