Ինչպե՞ս են քվեարկել կանայք Ազգային ժողովում
Հանրապետական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը 5-րդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ընդունված երեք տասնյակից ավելի օրինագծերից միայն մեկին է «դեմ» քվեարկել: «Parliamentmonitoring»-ի տվյալներով, Կարինե Աճեմյանը «կողմ» է քվեարկել բացառապես ՀՀ կառավարության և Հանրապետական կամ «Օրինաց երկիր» խմբակցությունների կողմից ներկայացված օրինագծերին:
Կարինե Աճեմյանի դեմ քվեարկած օրինագիծը խորհրդարանին ներկայացրել էր Հ. Յ. Դաշնակցություն խմբակցությունը և վերաբերում էր նվազագույն աշխատավարձը ոչ թե 2500 դրամ բարձրացնելուն, ինչպես առաջարկում էր կառավարությունը, այլ 75 հազար դրամ դարձնելուն:
Իսկ ահա «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ընդհանրապես որևէ օրինագծի «դեմ» չի քվեարկել. Ըստ նույն աղբյուրի, տիկին Բիշարյանը 66 օրինագծի «կողմ» է քվեարկել, 12 օրինագծերի քվեարկության ժամանակ պարզապես չի քվեարկել և 7 օրինագծի քվեարկությանն էլ բացակա է եղել:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի «կողմ» քվեարկած օրինագծերի քանակը հասնում է 82-ի: Տիկին Եսայանը, ինչպես նույն խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, ընդամենը մեկ օրինագծի է «դեմ» քվեարկել, և այն դարձյալ Դաշնակցություն խմբակցության ներկայացրած Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը աշնանային նստաշրջանում 28 օրինագծին «կողմ» է քվեարկել: Խորհրդարանում այլընտրանքային խմբակցությունը ներկայացնող տիկին Զոհրաբյանը «դեմ» է քվեարկել ընդամենը 4 օրինագծի, 24 օրինագծի էլ` «ձեռնպահ», 19 քվեարկությունների չի մասնակցել, իսկ 11 քվեարկության էլ եղել է բացակա:
Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի «կողմ» քվեարկած օրինագծերի քանակը կազմում է 17: Այս կին պատգամավորն ամենաշատն է «դեմ» քվեարկել` 33 անգամ, իսկ «ձեռնպահ» քվեարկությունների քանակը կազմել է 17:
«Ժառանգություն» խմբակցության միակ կին անդամ Զարուհի Փոստանջյանի «կողմ» քվեարկությունների քանակը կազմել է 19, նա 10 անգամ է «դեմ» քվեարկել:
Հանրապետական խմբակցության անդամ մյուս կին պատգամավորների քվեարկությունները համընկնում են. նրանք 80-ից ավելի օրինագծերի քվեարկություններին սեղմել են «կողմ» կոճակը, իսկ «դեմ» քվեարկել են միայն Հ. Յ. Դաշնակցություն խմբակցության ներկայացրած վերոնշյալ օրինագծին: Հանրապետական խմբակցության կանանց կողմից ընդունված օրինագծերի գերակշիռ մասը կառավարության ներկայացրած նախագծերն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները