Ա.Աշոտյանը «թարմացնում է» Րաֆֆի Հովհաննիսյանի հիշողությունը
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունները «նախկինների ռեմիքս են հիշեցնում»:
Այս մասին պաշտոնյան գրառել է facebook-յան իր էջում. «Իհարկե, անհանգստացնող է այն փաստը, որ քարոզարշավը չմեկնարկած, ընդդիմադիր հիմնական թեկնածուներից մեկը սկսում է կրկնվել: Հուսամ, դա ոչ թե ստեղծագործական մտքի և քաղաքական երևակայության պակասի հետևանք է, այլ ընդամենը չհաջողված քաղաքական հնարք: Ռեմիքս անելով նախկինում մի քանի անգամ հնչեցրած «հատնի 15 կետերը», ՀՀ նախագահի տվյալ թեկնածուն համառորեն չի տեղեկացվում իր թիմակիցների կողմից, որ դրանց քանիցս անդրադարձել են ըստ ոլորտների պատասխանատու իշանության ներկայացուցիչները:
Միայն ես 3 անգամ, որից 2-ը ԱԺ-ում, առիթ եմ ունեցել խոսել կրթության ոլորտում ՐաֆՖի Հովհաննիսյանի առաջարկությունների , մեղմ ասած, հակաօրինական լինելու մասին (օրինակ` այստեղ)
Ըստ իս, ՀՀ նախագահի թեկնածուն, հարգելով ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը, չպետք է, իրեն վեր դասի գործող օրենսդրական դաշտից:
Կամ էլ, ժամանակին լինելով ԱԺ պատգամավոր, փորձեր աչքի ընկնել այսպես կոչված հավասար դաշտ ստեղծելուն միտված օրենսդրական նախաձեռնություններով:
Մի խոսքով, իհարկե Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի թեկնածու է, սակայն մինչև Սերժ Սարգսյանի հետ բանավեճի հասնելը, կարծում եմ, պետք է անցնի ՀՀԿ-ականների հետ հրապարակային բանավեճի թոհուբոհով, ինչը բխում է իր իսկ շահերից»,- գրառել է Արմեն Աշոտյանն ու պատրաստակամություն հայտնել լինել իր սպարրինգ-գործընկերը:
Հիշեցնենք, նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հեռուստաբանավեճի հրավիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հորդորելով կատարել իր առաջարկած 15 կետերը, որոնց վերաբերյալ երկու անգամ դիմել է:
Նախորդիվ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռուստաբանավեճի հրավիրեց Սերժ Սարգսյանին