Փորձագետ. ՀՀ նախագահի ելույթն ուրվագծում է ռազմական քաղաքականության առաջնահերթությունները
Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գլխավորությամբ անց է կացվել ընդլայնված կազմով նիստ՝ նվիրված ՀԱՊԿ շրջանակերներում «Փոխգործակցություն-2012» և ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության և դրա ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:
ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի ելույթը կարելի է համարել ծրագրային՝ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու ՀՀ ԶՈՒ առջև ծառացած մարտահրավերներն ուրվագծող և զարգացման հիմնական ուղղությունները նախանշող մի կարևոր ուղերձ:
ՀՀ նախագահը ելույթի սկզբում արձանագրում է, որ փոխվում են մեր երկրի առջև ծառացած միջազգային և տարածաշրջանային մարտահրավերները: Ադրբեջանի շարունակվող սպառազինումը, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը, որի պատճառով վտանգվել է այդ երկրի ստվարաթիվ հայ համայնքի գոյությունը, լարվածության աճը Իրանի շուրջ, ներքաղաքական հակասությունները Վրաստանում էապես ազդում են ՀՀ ազգային անվտանգության վրա:
Անվտանգության միջավայրի փոփոխություններին պետական կառավարման համակարգի արձագանքը պիտի լինի արագ, արդյունավետ ու ճիշտ ժամանակին: Այդ միտքը ՀՀ նախագահի ելույթի առաջին կարևոր ուղերձն է:
Բնականաբար, երկրի անվտանգության ապահովման գործում հիմնական դերակատարումը վերապահված է Զինված ուժերին, ուստի հետագայում ԶՈՒ պատրաստության և մարտունակության մակարդակին ներկայացվող պահանջներն ավելի բարձր են լինելու:
Անվտանգության ոլորտում օրինապահության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը ՀՀ նախագահի մյուս կարևոր ուղերձն է: Ընդ որում օրինապահությունը տվյալ դեպքում ոչ միայն և ոչ այնքան անհանդուրժողականություն է զինվորական հանցագործությունների նկատմամբ, որոնց հետ վերջին տարիներին առանց այդ էլ մղվում է անհաշտ պայքար, որքան յուրաքանչյուր պաշտոնատար անձի, երկրի պաշտպանության ոլորտում ներգրավված յուրաքանչյուր քաղաքացու կողմից սեփական պարտականությունների անթերի, ողջ ծավալով, ճշգրիտ կատարումը:
ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը կարծում է, որ պաշտպանական ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը պետք է դառնա ԶՈՒ հեղինակության շարունակական ամրապնդումը, բանակի նկատմամբ սերն ու հարգանքը մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ մեկընդմիշտ ամրագրելը, ինչին պետք է հասնել «... և՛ բանակում տեսանելի բարեփոխումներ իրականացնելով, և՛ տեղեկատվական աշխատանքների որակը բարձրացնելով, և՛ բանակին վերաբերվող հարցերում հանրային ճիշտ վարքագծի ձևավորմանը միտված ամենօրյա ջանքերով»:
Նախագահի ելույթի հաջորդ՝ բավականին ծավալուն մասը վերաբերում է ԶՈՒ շինարարության սկզբունքներին: Նախագահի խոսքերից ակնհայտ է դառնում, որ առաջիկայում բանակաշինության հիմնական սկզբունքներն են լինելու
ա) ծախսերի օպտիմալացումը
բ) կառավարման արդյունավետության բարձրացումը
գ) գիտականությունը
դ) համալրումը սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներով
ե) ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը:
Հասկանալի է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի նախանշած ուղղություներով համապատասխան օղակներում կատարվելու է լուրջ աշխատանք, ինչը հնարավորություն է տալու համեմատաբար փոքր միջոցներով ապահովել ավելի բարձր արդյունքներ՝ հավանական հակառակորդի նավթադոլարներին հակադրելով մեր ռազմական կառույցի ճիշտ կազմակերպվածությունը, անձնակազմի մարտական վարպետությունը, ամուր ոգին:
Կարելի է համոզված լինել, որ այս կետերի հետևողական իրագործմամբ ՀՀ ԶՈՒ շարունակելու են մնալ լավագույնը տարածաշրջանում՝ ունակ կատարելու բոլոր առաջադրված խնդիրները:
Ռազմական փորձագետ Սուրեն Սարումյան, Արցախ
Նախորդիվ՝ Սերժ Սարգսյան. Արցախահայությանը բնաջնջել խոստացողները և այդ մասին մինչև հիմա երազողները ուշացել են