Գալիք նախագահական ընտրությունները կարող են շրջադարձային լինել երկրի համար
Անդրադառնալով կայանալիք նախագահական ընտրություններին` «Голос Армении»-ն գրում է, որ այն կարելի է բնորոշել որպես յուրահատուկ, քանի որ առաջնահերթ այս ընտրություններն անցնելու են բավականին արդար, ազատ և թափանցիկ: Քաղաքական դաշտում ձևավորված իրավիճակն ուղղակի անիմաստ է դարձրել ընտրությունների կազմակերպիչների կողմից կեղծարարությունների կիրառումը: Թերթը նկատում է, որ անգամ ընտրություններին առաջադրված թեկնածուները չեն ժխտում գործող նախագահի ակնհայտ առավելությունները: Ըստ թերթի` ստեղծված իրավիճակը որոշակի դրական հեռանկարներ է ընձեռում գործող իշխանությանը: Եթե նախկինում ընտրություններում հաղթելու համար իշխանությունները ստիպված էին ներգրավել թաղային հեղինակությունների և օլիգարխների ռեսուրսները, ինչի արդյունքում` նույն իշխանությունը հետո ստիպված էր լինում աչք փակել այդ օլիգարխների տնտեսական կամայականությունների վրա, ապա այսօր հնարավորություն է ստեղծվել փլուզել տարիների ընթացքում ձևավորված այդ արատավոր համակարգը: