Ինչու են որոշել Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրել Իրանին
Հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեքստում իշխանությունները պատրաստվում են Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրել Իրանին: Այս մասին գրում է «Ժողովուրդը» և հղում անում իրանական լրատվամիջոցներին, ըստ որոնց` հունվարի 16-ին Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է այդ կապակցությամբ ինչ-որ հուշագիր:
Սակայն, ըստ թերթի, ՀՀ իշխանությունները փորձում են փաստը գաղտնի պահել: «Սա ուշագրավ է այն առումով, որ ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան, ընդ որում առանց որևէ բացատրության: ՀՀ կառավարությունն էլ ԱԳՆ-ին հանձնարարել էր բանակցություններ վարել ու լուծել խնդիրը: ԱԳՆ-ն մինչ օրս չի հրապարակել իր վարած բանակցությունների արդյունքները, թեև եթե դրանք դրական լինեին, ապա վաղուց կհայտարարվեր «ձեռքբերումների» մասին»,- գրում է թերթը: