Նախկին քաղաքապետը չի վճարել ֆրանսիացիներին իր բուժման համար
«168 ժամ»-ի տեղեկություններով` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռևս պաշտոնավարման շրջանում` 2007 թվականի ապրիլի 2-ին իր դեմ կատարված մահափորձից հետո, 2009 թվականին Փարիզում վիրահատվել է, սակայն մինչ օրս չի վճարել դրա ծախսերը, որոնք կազմել են մոտ 60 հազար եվրո: Բանն այն է, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն, եթե որևէ օտարերկրացի այդ երկրի տարածքում բուժման կարիք է զգում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն` դրա դիմաց վճարումը հետագայում կատարելու պայմանով: Եթե տվյալ անձը չի վճարում դրա դիմաց, ապա հաշիվը ներկայացվում է Ֆրանսիայում տվյալ երկրի դեսպանատանը: Թերթի տեղեկություններով` Վարդան Ղուկասյանի վիրահատության ծախսերի «հաշիվը» ներկայացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, որը մինչ օրս փորձում է առանց աղմուկ բարձրացնելու` Գյումրիի նախկին քաղաքապետից ստանալ այդ գումարը, սակայն վերջինս հրաժարվում է վճարել: Մեր թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով այս տեղեկությունները, Վարդան Ղուկասյանն ընդամենն ասել է. «Փողոցային խոսակցություններին չեմ ուզում պատասխանել»: