Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ից դժգոհելու պատճառ չունի
«168 ժամ» թերթի տեղեկություններով` երեկ ՀԱԿ ներկայացուցիչները կապ են հաստատել Գերմանիայում բուժումը շարունակող ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ` նրան տեղեկացնելու համար, որ հայկական մամուլում լուրեր են շրջանառվում ՀԱԿ-ից նրա ղեկավարած կուսակցության հնարավոր դուրս գալու վերաբերյալ: Դեմիրճյանը պատասխանել է, որ ինքը ոչ մի կապ չունի այդ տեղեկությունների հետ և դրանք համարում է մտացածին: Դեմիրճյանը նշել է, որ ինքն իրեն արդեն լավ է զգում, և հունվարի 22-ին անցնելու է հետվիրահատական վերջին ստուգումը, որից հետո կվերադառնա Հայաստան: Ի դեպ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը նույնպես թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրերը, թե ՀԺԿ-ն պատրաստվում է լքել ՀԱԿ-ի շարքերը:
Թերթը նշում է. «Իսկապես, Ստեփան Դեմիրճյանը որևէ պատճառ չունի ՀԱԿ-ից դուրս գալու, քանի որ նա ակտիվ գործողությունների կողմնակից չէ, այն, ինչ կարող էր ստանալ` պատգամավորական մանդատ, ստացել է և ՀԱԿ-ից ու նրա առաջնորդից դժգոհելու ոչ մի պատճառ չունի»: