«Ֆեյսբուք», հացադուլ, կասեցված հանդիպումներ, Ավան, Վերին Արտաշատ. Ով ուր է լինելու քարոզարշավի առաջին օրը
ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին, Երևանի Կենտրոն և Ավան վարչական շրջաններից, իսկ մարզային այցելությունները կմեկնարկեն հունվարի 22-ին, Սյունիքի մարզից: Քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում` ավելի քան վաթսուն համայնքում: Քարոզարշավը կեզրափակվի փետրվարի 16-ին, Երևանում:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին Վերին Արտաշատ գյուղից: Հանդիպումը տեղի կունենա գյուղի կենտրոնում ժամը 14.00-ին: Նախագահի այս թեկնածուի հանդիպումների մասին կարելի է տեղեկանել այս կայքից:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը քարոզարշավի առաջին օրը կհանդիպի ոչ թե ընտրողների, այլ լրագրողների հետ: Ձեռնարկելիք քայլերի մասին նա կխոսի «Արմատ» ակումբում:
«Ժառանգություն« կուսակցության առաջնորդը քարոզարշավի կսկսի Երևանի ամենակենտրոնից: «Հունվարի 21-ին ժամը 12:00-ին Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում կտրվի ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը, որը բաց է հասարակության և ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Հաջորդ օրը Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) նախասրահում (տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի www.raffi4president.am պաշտոնական կայքէջի շնորհանդեսը»,-տեղեկացնում է աղբյուրը:
Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավի առաջին օրը հայտարարել է անժամկետ հացադուլ: Նա այս պահին գտնվում է ԳԱԱ դիմաց:
ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը Panorama.am-ին ասաց, որ այսօր հանդիպում նախատեսված չէ, առայժմ ընտրողների հետ հանդիպումները կասեցված են: Թեկնածուի նախընտրական շտաբն արդեն հանդես է եկել հայտարարությամբ` պարզաբանելով, որ քանի դեռ ընտրությունների իրավաչափությունը կասկածի տակ է և իրենց պահանջը բավարարված չէ, ապա իրենք քաղաքական ու տնտեսական մասով քարոզչություն չեն իրականացնի:
«Մեր հիմնական խնդիրը կլինի քարոզչությամբ ապահովել ընտրությունների օրինաչափությունը: Եթե դա իշխանությունների հետ երկխոսությամբ հնարավոր եղավ իրականացնել, ապա մենք կսկսենք նաև քաղաքական քարոզչություն, եթե ոչ, ապա մենք կմնանք մեր մարտավարության շրջանակում»,-ասաց Մելիքյանը: Նրա խոսքով, շուտով կհրապարակվի նախընտրական ծրագիրը, հույս հայտնեց, որ դա կտեղադրվի ԿԸՀ կայքում:
Թեկնածուներից Արամ Հարությունյանն ասել է, որ հավանաբար մարզեր կմեկնի քարոզարշավիի վերջին օրերին:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ակտիվ գործունեություն է ծավալում ու գրառումներ անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Նա մի քանի ժամ առաջ տեղադրել է մոտ 47 րոպե տևողությամբ տեսանյութ ու թողել գրառում. «Սա այն վաւերագրականն է, որի մասին մասնագէտներն ասել էին ու ես էլ կրկնել էի, որ եթէ 100 հազար մարդ դիտի այն, նախագահական ընտրութիւնների ինքնորոշանպաստ ելքին կարելի է չկասկածել։ Սա քարոզչանիւթ չէ, այլ իրողութիւնների, մեր ժողովրդի վերջին տասնամեակների պատմութեան կարեւորագոյն փաստերի հիման վրա կառուցուած անաչառ շարժանկար։ Երկու ժամուա ընթացքում մարդ աւելի տեղեկութիւն է ստանում՝ ազգային ազատագրական պայքարի, կոմունիստական իշխանութիւնների դաւերի՝ սումգաիթի, բաքուի, երկրաշարժի եւ այլ իրողութիւնների մասին քան տասնեակ հատորները կտային։ Բարի վայելում բոլոր դիտողներին...»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները