Հայ տպագրության 500-ամյակին նվիրված գրքի շնորհանդես` Գրացում
ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման և Հայ հնատիպ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունվարի 17-ին, Գրացի Հոգևոր սեմինարիայի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել «Հայաստանի պատկերը Գրացի համալսարանի գրադարանի հավաքածուներում պահվող ձեռագիր և տպագիր գրքերում. Հայկական տպագրության 500-ամյակը» գրքույկի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միջոցառման կազմակերպիչն է եղել Ավստրիայում գործող PRO ORIENTE կրոնական իրավունքի հիմնադրամը` օժանդակությամբ Ավստրիայի Շթայերմարկ երկրամասի կառավարության, Գրացի Կարլ Ֆրանց համալսարանի, Կաթոլիկական կրթության հաստատության և Գրացի հայ եկեղեցական համայնքի:
Գրքի հղացման մասին խոսք է ասել և նրա բովանդակությունը ներկայացրել Գրացի համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի վարիչ, համալսարանի կազմում գործող VESTIGIA հետազոտական կենտրոնի ղեկավար դր. Պրոֆ. Էրիխ Ռենհարտը, ով նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գործի կազմակերպիչներից է:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Մատենադարանի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ հայագիտության մարզում Գրացի համալսարանի արդյունավետ համագործակցության խնդրին, կարևորեց և բարձր գնահատեց Մատենադարանի ձեռագիր հավաքածուների թվայնացման գործում համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի և նրա վարիչ Էրիխ Ռենհարտի բերած մասնագիտական ու անձնական նպաստը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան